Մամուլի տեսություն

«Գոլոս Արմենիի»-ն զրուցել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ նոյեմբերի 20-ի միջկուսակցական խորհրդակցության մասին: Ըստ նրա, «մի կողմը`նախագահը, գիտեր ամեն ինչ, իսկ մյուս կողմը` կուսակցական առաջնորդները, մեկ բացառությամբ, լրիվ անտեղյակության մեջ էին, իսկ նրանք էլ, ովքեր տիրապետում էին տեղեկատվությանը, որպեսզի պահպանեին խաղի կանոնները, ձեւ էին թափում, թե մնացածների հետ հավասար պայմաններում են գտնվում»: «Այդ ամենը նման էր մանկապարտեզի, երբ մանկիկներից յուրաքանչյուրը ինքն էր ուզում հրավիրել դատիարակի ուշադրությունը եւ համակրանքը», - ասել է Հովհաննիսյանը: «Ես իրավիճակը համեմատում եմ 1997 թվականի հետ, քանի որ այն ժամանակ կարգավորման ելքի, բանակցային գործընթացի եւ Արցախի ճակատագրի համար տագնապը գալիս էր իշխանությունից, նախագահից ու նրա թիմից, որոնք կողմ էին բանակցային պրոցեսի արագացմանը, մինչդեռ ներկա իրավիճակում տագնապն առ այն, որ բանակցային գործընթացը մոտենում է հանգուցալուծմանը եւ որ լուծումը մեկ-երկու ամսվա խնդիր է, բարձրացրեց Տեր-Պետրոսյանը, եւ հենց նա էլ չմասնակցեց մարզահամերգային համալիրի միջոցառմանը»: «Միայն առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներն են տիրապետում բանակցային գործընթացի բոլոր մանրամասներին եւ նյուանսներին, որը կրում է գաղտնի բնույթ», - շարունակում է Հմայակ Հովհաննիսյանը: Ըստ նրա, «պատասխանատվությունը կրում են միայն այս երեք հոգին, եւ նրանք պարտավոր են ցույց տալ, որ արժանի են այդ պատասխանատվությանը»:

Իսկ Lragir.am-ը այլ մեկնաբանություն ունի այդ հանդիպման մասին. - «Սերժ Սարգսյանն անկասկած ամենից լավ գիտե, թե ժողովրդի հետ ինչ կամ ինչքան կապ ունեն այդ հիսուն կուսակցությունները միասին վերցրած: Նա կուսակցությունների ժողովով փաստացի լուծեց բոլորովին այլ մանդատի` Ռոբերտ Քոչարյանի մանդատի հարցը, ավելի շուտ նրան զրկեց մանդատից կարծես թե լիովին: Կարեն Դեմիրճյան մշակութային կենտրոնում հավաքված կուսակցությունների ղեկավարները փաստացի իրենց հավատարմության երդումը տվեցին Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանը, որն ի դեպ արժանացել էր Ռոբերտ Քոչարյանի թե ուղղակի, թե անուղղակի քննադատությանը: Այդպիսով, կուսակցությունները հրապարակավ դուրս եկան Քոչարյանի ստվերից եւ մտան Սարգսյանի տանիքի տակ: Ստացվում է, որ կուսակցությունների հավաքով Սերժ Սարգսյանը փաստորեն լուծեց ոչ թե Ղարաբաղի հարցում կոնսենսուսի խնդիր, այլ պարզապես կարծես թե հիմնովին արգելափակեց Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին խոսակցությունների ճանապարհը, կամ առնվազն փորձեց անել դա եւ, հատկանշական է, որ հենց նոյեմբերին: Չէ որ մամուլում հենց այդ ժամկետի հետ կապված էին եղել Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին հրապարակումներ, հղում անելով հենց նույն Ռոբերտ Քոչարյանի եւ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ փակ հանդիպմանը»:

«Հայոց աշխարհ»-ը, անդրադառնալով Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի այցին, գրում է. - «Համարբերգը շտապեց գնահատականներ տալ «մարտի 1»-ի գործով նախաքննությանը եւ դատական գործընթացին, հայտարարելով, որ «գործերի պատրաստումը ոչ պրոֆեսիոնալ ձեւով է արվել»։ Որքանո՞վ է սա համահունչ Մարդու իրավունքների հանձնակատարի գործառույթներին, կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ Համարբերգը լիովին արդարացրեց ակտիվիստների հույսերը՝ «օբյեկտիվորեն ու բարեղճորեն» երկրորդելով սրանց ասածները, կնիքը դրեց, թե՝ «դեռ ապացույց չի տեսել, որ իշխանությունը բռնի տապալելու փորձ է եղել»։ Համարբերգի հայրենիքում ինչպե՞ս կվարվեին մայրաքաղաքը ռազմաճակատի վերածած զինյալ խմբերի հետ՝ թերեւս ավելորդ է ասել. եվրոպաներում ու ամերիկաներում, ինչպես հայտնի է, ձեւականությունների հետեւից չեն ընկնում։ Այդ մեզ մոտ՝ Հայաստանում է, որ կարելի է զինված դիմադրություն ցույց տալ իրավապահներին, ընդսմին՝ արժանանալ եվրոպական կառույցների քաջալերանքին»։

Նույն խնդրով «Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Հիշո՞ւմ եք, թե Հայաստանի իշխանությունների նկատմամբ Եվրախորհրդի դիրքորոշումը երբ կտրուկ մեղմացավ: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը խոստացավ շուտափույթ կարգավորել ղարաբաղյան խնդիրը, նորմալացնել հարաբերությունները Թուրքիայի հետ եւ այլն: Դրանից հետո Սերժ Սարգսյանը միանգամից «ընդունելի» դարձավ Արեւմուտքի համար, Արեւմուտքը միանգամից մոռացավ քաղբանտարկյալների առկայության մասին, «միջանկյալ զեկույցը» հետաձգվեց, եւ այդպես շարունակ: Թուրքիայի գիրկը նետվելու այս խայտառակ նախաձեռնությունը Սերժ Սարգսյանի վիճակը ժամանակավորապես թեթեւացրեց, բայց ռուսները բարկացան, եւ նա որոշեց հիմա էլ Ռուսաստանի գիրկը նետվել` գնաց ու Մոսկվայում բավականին վտանգավոր մի փաստաթուղթ ստորագրեց»:

«Առավոտ»-ին հարցազրույց է տվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Մոսկովյան հռչակագիրը, Բաբայանը պատասխանել է. - «Պատերազմի տարիներին` 1993 թվականին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ տեղի են ունեցել ուղղակի բանակցություններ զինադադարի կնքման շուրջ, որոնք արտացոլված են մի շարք փաստաթղթերում: Այդ ժամանակ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է ԼՂՀ պաշտպանության բանակին` կրակի դադարեցման խնդրանքով: 94-ին կնքվել է զինադադար Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ: Ավելի քան 14 տարի անց ստորագրվում է փաստաթուղթ, որտեղ բացակայում է Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է գնահատեմ այդ փաստաթուղթը»: Սամվել Բաբայանը նաեւ անդրադարձել է այն պնդումներին, որ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը մոտ է. - «Խնդրի հանգուցալուծումը բարեբախտաբար մոտ չէ, եւ ոչ թե այն պատճառով, որ մերոնք զիջումներ չեն անում, այլ այն պատճառով, որ Ադրբեջանի չի համաձայնում հետ վերցնել ազատագրված յոթ շրջանները: Նրանք, ըստ էության, բացի այդ յոթից, պահանջում են նաեւ Արցախն ամբողջությամբ: Հայաստանը ահա այդտեղ է, որ «հերոսաբար» դիմադրում է: Ղարաբաղյան խնդրի կարգավորման այն երեք սկզբունքները, որոնք այժմ ներկայացվում են Սերժ Սարգսյանի կողմից` կոնկրետացվելու կարիք ունեն: Ի՞նչ է նշանակում ցամաքային կապ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ. դա 7 շրջաններո՞վ է, Լաչինի միջանցքո՞վ է, Քելբաջարո՞վ է, թե՞ այլ կերպ է: Ի՞նչ է նշանակում միջազգային երաշխիքներ»:


Աղասի Ենոքյան