Սմբատ Այվազյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր երկու տարվա ազատազրկման դատապարտեց «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանին` սահմանելով նաեւ 300 հազար դրամ տուգանք:

Դատարանը ապացուցված եւ հիմնավորված ճանաչեց նրան առաջադրված` ապօրինի զենք պահելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքները:

Մեղադրող կողմը միջնորդել էր Այվազյանին դատապարտել երկուեւկես տարվա ազատազրկման:

Սմբատ Այվազյանը անազատության մեջ է փետրվարի վերջից` հետընտրական իրադարձությունների կապակցությամբ:

Նախքան դատավճռի հրապարակումը, Այվազյանը այսօր հանդես եկավ պաշտպանական ճառով, որում ավելի շատ քաղաքական գնահատականներ եւ մեկնաբանություններ էին Հայաստանում տեղի ունեցած եւ տեղի ունեցող իրադարձությունների, նախկին եւ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ:

«Մեր ողջ երկիրը հայտնվել է մի շեմի, որից սկսվում է կորուստների աշխարհը: Ազատության կորուստը, իրավունքի կորուստը, ունեցվածքի կորուստը շատերը արդեն տեսել են ու հասկանում են, որ իմ ասածը այսօրվա դառը իրականությունն է», - հայտարարեց նա: - «Այն ուղին, որը ընտրել ու որով արդեն տասը տարուց ավելի անշեղորեն գնում է վարչակարգը, մեզ տանում է նոր, ավելի մեծ կորուստների: Ես նկատի ունեմ հայրենիքի հանդեպ հավատի կորուստը եւ այդ հավատի ու արյան գնով ձեռք բերված հողի կորուստը»:

Նրա խոսքերով` պաշտպանության կարիք ունի այսօր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, պաշտպանության կարիք ունեն երկրի բոլոր ձեռքբերումները:

Իր պաշտպանական ճառում նա անդրադարձավ անպատժելիության մթնոլորտի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակին, կեղծված ընտրություններին, Հատուկ քննչական ծառայության գործունեությանը, Ազգային ժողովում նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ուղերձին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ու դրա շուրջ ծավալվող իրադարձություններին:

Ղարաբաղի խնդիրը, ըստ նրա, ամենալուրջ պաշտպանության կարիք ունեցող հարցն է. - «Սա ինձ համար ամենացավոտ հարցն է, որովհետեւ հաղթական պատերազմից հետո կորցնել ձեռքբերումները` նշանակում է սերունդների առաջ ապրել մեղքի ու ջարդված հպարտության զգացումով, նշանակում է դավաճանել քո ապրած կյանքին ու զոհված ընկերների հիշատակին»:

Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին` Սմբատ Այվազյանը հայտարարեց, որ իրեն համարում է այդ գործի մասնակից, «որը կոչվում է պայքար հանուն ազատության»: «Ես ինձ «7-ի գործով» համարում եմ 8-րդը», - ասաց նա:

Վերջում նա, իր իսկ խոսքերով, «2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ հաղորդում» ներկայացրեց հայ ժողովրդին` ամփոփելով. - «Որեւէ խնդիր չկա, բոլոր քաղբանտարկյալները դուրս են գալու նույն օրը, ազատվելու են նույն օրը, նույն ժամին»:

Ինչպես հայտնեց Այվազյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը, այսօր կայացված վճիռը բողոքարկվելու է Վերաքննիչ դատարանում:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)