Նախագահը Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող կուսակցություններին Ղարաբաղի հարցով քննարկման է հրավիրում

Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող կուսակցությունները նախագահ Սերժ Սարգսյանից հրավեր են ստացել` մասնակցելու ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հինգշաբթի օրը կայանալիք քննարկմանը: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիշեցրեց, որ հոկտեմբերի 2-ին ժողովրդին եւ Ազգային ժողովին հղած ուղերձում նախագահն ասել էր, որ երկրի կյանքում քաղաքական կուսակցությունների դերակատարության բարձրացման նպատակով պատրաստվում է նախաձեռնել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող խնդրիրների վերաբերյալ քննարկումներ, որոնց կհրավիրվեն կուսակցությունների ղեկավարները: Որպես այս ուղղությամբ առաջին նախաձեռնություն` Սերժ Սարգսյանը հինգշաբթի հրավիրել է երկրում գրանցված եւ գործող կուսակցությունների նախագահներին` լսելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նրանց տեսակետները:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք Հայ ազգային կոնգրեսը հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ որոշում կայացրե՞լ է, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ կոնգրեսին անդամակցող կուսակցությունները ազատ են իրենց որոշումներում եւ անկախ գործունեության հնարավորություն ունեն:

Ինչ վերաբերում է կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա նա Սերժ Սարգսյանից հրավեր չի ստացել, քանի որ որեւէ կուսակցության ղեկավար չէ:

Կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ նախագահի հրավերը ստացել է, սակայն չի ընդունելու: «Այսօրվա դե-ֆակտո պետության ղեկավար Սերժ Սարգսյանը, իր ենթակա դատախազության հետ միասին, ինձ մեղադրում է պետական հեղաշրջման, իշխանությունը բռնազավթելու փորձի մեջ, եւ փորձում է նաեւ իմ կարծիքն իմանալ Ղարաբաղի հիմնահարցի լուծման առումով: Եթե ես պետական հեղաշրջում անող մարդ եմ, ուրեմն` իմ կարծիքն իմանալ պետք չէ: Հրավերը համարում եմ ոչ կոռեկտ եւ իմ մասնակցությունը համարում եմ անիմաստ», - պարզաբանեց նա:

Կոնգրեսին մաս կազմող Լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը եւ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նույնպես չեն ընդունի նախագահի հրավերը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ համազգային կոնսենսուս լինի, ապա պետք է, նախեւառաջ, ազատ արձակի մարտի 1-ի իրադարձությունների համար մեղադրվող իրենց գործընկերներին:

Իսկ Լյուդմիլա Սարգսյանի համոզմամբ` իշխանությունների կողմից կոնկրետ խնդիր է դրված միջազգային կառույցներին ցույց տալ, որ երկրում ամեն ինչ նորմալ է: Բացի այդ, ըստ նրա` իշխանությունները փորձում են հետագայում իրենց կայացրած որոշումների պատասխանատվությունը նաեւ ընդդիմության վրա բարդել:

Հայաստանի ժողովրդավարական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ հրավերը ստացել է, եւ մասնակցության հարցը կորոշի վաղը:

Հայ ազգային կոնգրեսն այսօր հայտարարություն է տարածել, որում համոզմունք է հայտնում, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում երկրի դիրքերը բարելավելու համար Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ 4 քայլ իրականացնեն, այն է` «կարճել անազատության մեջ գտնվող բոլոր 75 քաղբանտարկյալների նկատմամբ հարուցված շինծու գործերը, դադարեցնել այն գործողությունները, որոնք խոչընդոտում են մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով ստեղծված փաստահավաք խմբի բնականոն աշխատանքներին, դադարեցնել քաղաքական հողի վրա տնտեսական եւ վարչական հետապնդումները, անմիջապես գործուն քայլեր ձեռնարկել համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի անխուսափելի հետեւանքներից Հայաստանի ժողովրդին պաշտպանելու համար»:


Ռուզաննա Ստեփանյան