Օմբուդսմենը չի վիճարկի Փաստահավաք խմբի մասին կարգադրության սահմանադրականությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Սահմանադրական դատարանում չի վիճարկելու մարտի 1-2-ի իրադարձությունների պատճառների վերհանմանը եւ բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումն իրականացնող Փաստահավաք խմբի ձեւավորման եւ գործունեության կարգի մասին նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությունը: Այդ մասին նա հայտարարեց այսօր կայացած ասուլիսի ժամանակ:

Արմեն Հարությունյանի փոխանցմամբ` իր գրասենյակը մանրամասնորեն ուսումնասիրել է փաստաթուղթը:

«Ի սկզբանե ասել ենք եւ հիմա ավելի ենք համոզվել, որ շատ խնդրահարույց փաստաթուղթ է, բայց մեկ բան պետք է նշեմ, եւ կարծում եմ` ընդդիմության իրավաբաններն էլ պետք է դա հաշվի առնեին, որ նախագահի կարգադրությունը սահմանադրական վերահսկողությունից դուրս է», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` ասաց օմբուդսմենը եւ պարզաբանեց. - «Մարդու իրավունքների պաշտպանը կարող է Սահմանադրական դատարան դիմել միայն նախագահի հրամանագրերի հետ կապված, այն էլ` եթե դրանք ուղղակիորեն սահմանափակում են հիմնարար իրավունքները, այսինքն` Սահմանադրության երկրորդ գլուխը: Այսինքն, այստեղ Սահմանադրական դատարան դիմելու հարցը իրավաբանական տեսակետից փակվում է»:

Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ խնդիր չի տեսնում Փաստահավաք խմբի գործունեության գաղտնիության մեջ եւ այն հանգամանքում, որ խմբի որոշ նյութեր գուցեեւ հանրությանը երբեւէ հայտնի չդառնան:

«Այս փուլում չեն դառնա` հետագայում կդառնան», - վստահեցրեց Արմեն Հարությունյանը` ընդգծելով. - «Կարեւորը` որ Փաստահավաք խումբը կարողանա պրոֆեսիոնալ մակարդակով գործել: Դուք գիտեք, որ այստեղ հիմնական երաշխիքը պարիտետային սկզբունքն է: Եկեք վստահենք, որ իրենք կարողանան այդ գործընթացը այնպես տանել, որ հետագայում, երբ այդ զեկույցը ներկայացվի` դա հնարավորինս ավելի վստահելի լինի»:

«Կարգադրությամբ հնարավորություն է տրված` մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրելու, կատարելու բացահայտումներ եւ վերացնելու հասարակական կասկածները, ուստի պետք է օգտագործել ընձեռված հնարավորությունը», - ասաց օմբուդսմենը: - «Հայաստանը լուրջ կարիք ունի հասարակության կոնսոլիդացիայի, եւ այդ կոնսոլիդացիան հնարավոր չէ, եթե մենք իրոք մարտի 1-ի հետ կապված այդ սինդրոմը չհաղթահարենք, իսկ դա հնարավոր չէ, եթե մենք կոնստրուկտիվ դաշտ չմտցնենք եւ չփորձենք օբյեկտիվ ուսումնասիրել»:

Արմեն Հարությունյանը նաեւ ընդդիմությանը կոչ արեց մասնակցել մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)