Մամուլի տեսություն

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը մեկնաբանում է Սերժ Սարգսյանի հարցազրույցը Frankfurter Allgemeine Zeitung թերթին: «Բանն այն է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ինքը` Սերժ Սարգսյանը, չի կարող ընդդիմանալ եւ հրաժարվել ստորագրել այն փաստաթղթի տակ, որը երեկ իր առաջ դնում էր Ռուսաստանը, իսկ վաղը կդնի Միացյալ Նահանգները: Ուստի, եթե այդ փաստաթղթերում դեռեւս շատ աղոտ կերպով, գրեթե ակնարկով կա նաեւ հայկական կողմի տեսակետը, ապա դրա համար Սերժ Սարգսյանը պետք է միայն անկեղծորեն ուրախանա: Եթե այս կարեւոր հարցի առումով վերջին 14 տարվա ընթացքում ստորագրված միակ փաստաթղթում ոչ մի դրական բան չկա, ապա Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի ժողովուրդները դա իրավունք ունեն իմանալ: Իհարկե, քիչ հավանական է, որ կա, բայց Սերժ Սարգսյանը թաքուն է պահում: Իսկ ահա գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրս բերման խնդրի հարցում Սարգսյանը հաստատ ինչ-որ բաներ թաքուն է պահում: Այստեղ ամենակարեւորն այն է, որ նա որեւէ կերպ չի հերքում, որ «պահանջվում է ՀՀ զորքերը դուրս բերել ԼՂ հարակից յոթ շրջաններից»:

«Հայոց Աշխարհ»-ը կրկին անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձի հարցին` գրելով. - «Վերջին շրջանում հհշական լրատվամիջոցները ակտիվորեն լծվել են վերադարձի մեկ այլ «սցենար» բացահայտելու գործին` տարածելով, թե Վարդան Օսկանյանի գլխավորած «Սիվիլիթաս» հիմնադրամի թիկունքում իրականում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, որը պատրաստվում է հիմնադրամը դարձնել կուսակցություն, ինչից հետո գլխիվայր շուռ տալ խորհրդարանը. խախտելով ուժերի հարաբերակցությունը, մեծամասնությանը գրավել իր կողմը եւ ունենալ ամենամեծ խմբակցությունը: Միայն սարսափից լեղաճաք եղած հեղափոխականները կարող են նման ֆանտաստիկ «իրադրության» ստեղծման հնարավորության մասին մտածել: Իսկ ընդհանրապես առնվազն տարօրինակ ու զարմանալի է, թե ինչու է սրանց թուքը բերաններում չորանում, երբ խոսում են Քոչարյանի վերադարձի մասին: Պաշտոնավարման 7-8 տարիների ընթացքում երկիրը կործանման շեմին հասցրած Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ կրկին քաղաքականություն վերադարձավ, զարմանալիորեն սրա երկրորդ հայտնության փաստը հանրությունը «նորմալ» ընդունեց: Ինչ խոսք, մարդիկ սարսափահար եղած, բայց վստահ էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին այլեւս երկրի ղեկին չեն տեսնելու»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանի շրջապատն անընդհատ «հանրային քննարկումներ» էր հրահրում (որպեսզի երկրի ներսում դժգոհություն առաջանա «մադրիդյան սկզբունքների» եւ հայ-թուրքական «ջերմացման» նկատմամբ, եւ ինքը հանգիստ հրաժարվի այդ ավանտյուրիստական քայլերից): Ի վերջո, Սերժ Սարգսյանի պարզունակ խաղը ձախողվեց, եւ նա ստիպված եղավ առանց «ներքին ճնշման» հրաժարվել այդ կասկածելի ձեռնարկներից: Իսկ դա չափազանց կարեւոր է. եթե դա արվեր «հասարակական ճնշման» արդյունքում, միջազգային հանրությունը «խոսքից հետ կանգնելու» համար պատժամիջոցներ էր կիրառելու պետության նկատմամբ, բայց քանի որ Սերժ Սարգսյանը «ինքնաբուխ» է հրաժարվում իր իսկ տված խոստումներից, պատժամիջոցներն էլ անձամբ նրա նկատմամբ են կիրառվելու»: «Այնպես որ, ընդհանրապես պետք չէ որեւէ քննարկում ծավալել հայ-թուրքական հարաբերությունների կամ «մադրիդյան սկզբունքների» շուրջ: Ինքը եփել է այդ ճաշը, ինքն էլ թող վայելի: Նման պարզունակ տրյուկներով երկիր չեն ղեկավարում», - ամփոփում է մեկնաբանը:

«Կապիտալ» թերթին մեկնաբանություններ է տվել «ՋեոՊրոՄայնինգ» խմբի մեջ մտնող «Մադնեուլի» հանքարդյունաբերական ձեռնարկության գլխավոր տնօրեն Կոբա Նոկոպիան, որը տնօրինում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: «Միջազգային ֆինանսական ճգնաժամի քամիներն արդեն փոթորկում են Հայաստանը: Հանքարդյունաբերության ոլորտը առաջիններից է, որը զգաց այն, ինչը, ըստ կանխատեսումների, Հայաստանի վրա բացասաբար չէր անդրադառնալու: Ճգնաժամի արդյունքում պղնձի եւ մոլիբդենի համաշխարհային գների կտրուկ անկումը հայաստանյան հանքարդյունաբերական մի շարք ձեռնարկությունների ստիպել է վերանայել իրենց ծախսերը, որոնք կրճատվում են հիմնականում աշխատավարձի ֆոնդի հաշվին», - գրում է թերթը եւ վկայակոչում Նակոպիայի փոխանցած տվյալները, համաձայն որոնց` ներկայումս մոլիբդենի գինը 42 հազար դոլար է մեկ տոննայի համար, այն դեպքում, երբ դեռ ոչ վաղ անցյալում մոլիբդենի գինը 80 հազար էր, կտրուկ նվազել են նաեւ պղնձի գները` շուրջ 2,5 անգամ` մինչեւ 3 հազար դոլար մեկ տոննայի համար:

Իսկ «Ազատամտություն» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանը գրում է. - «Այսօր, երբ ողջ եռանդս ուղղորդված է ազգային արատներին ու նրանց կրողներին, իսկ նախագահ Սարգսյանը մեր հրապարակումներում դիտարկվում է որպես պետության պահպանության երաշխավոր (հետեւաբար` մեր հարձակումների օբյեկտը չէ), ընդդիմախոսների վրեժխնդրությունից ինձ փրկում է «Սերժի մարդ» կարգավիճակը: Ինչպես տեսնում ենք, կան դեպքեր, երբ բամբասանքները ամենադրական ազդեցությունն են ունենում, իսկ որ շատերն են երազում իմ դատաստանը, այդ մասին չարժե խոսել: Օրինակ` ազգային հերոս Սյամոն մեր ընդհանուր ընկերներից մեկին խոստովանել է, որ ինձ կգնդակահարի, հենց «Սերժը թուլանա»: Եթե այդպես է, ապա թող Աստված Սերժ Ազատովիչին անձնական իշխանության ամրապնդում եւ հավերժ նախագահություն պարգեւի, քանզի, ինչպես տեսնում ենք, դա արդեն նաեւ իմ անձնական շահն է»:


Աղասի Ենոքյան