Ժիրայր Սեֆիլյանը «Ճիշտ» չի համարում ընդդիմության` հանրահավաքների դադարեցնելու մասին որոշումը

«Հայ կամավորականների համախմբում» ազգային քաղաքական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը ճիշտ չի համարում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության` հանրահավաքները դադարեցնելու մասին որոշումը:

«Ճիշտ չեմ համարում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Սեֆիլյանը` շարունակելով. - «Առավել եւս` վերջին շաբաթների անցուդարձերը եթե նկատի ունենանք, կտրականապես դեմ եմ, որ շարունակվի այս մարտավարությունը»:

Հոկտեմբերի 17-ի հանրահավաքի իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Համաժողովրդական շարժումը, դադարեցնելով ակտիվությունը, ընդամենը նպատակ է հետապնդում իշխանություններին «զերծ պահել արտաքին ճնշումներից ու անհարկի զիջումներից»:

«Մոտակա ամիսներին մեզ սպասում են Ղարաբաղի եւ հայոց պետականության ճակատագրի հետ կապված կարեւորագույն իրադարձություններ, որոնք այս հանգրվանում երկրորդական են դարձնում ներքաղաքական խնդիրները», - ասել էր Հայաստանի առաջին նախագահը:

Սեֆիլյանի խոսքով, սակայն, վիճակը «ավելի է լրջացել Մոսկովյան հռչակագրից հետո». - «Եվ եթե այս բոլորից հետո ընդդիմությունը չի ակտիվանալու, ինձ համար որդեն դա անհասկանալի կլինի»:

Նա, այդուհանդերձ, հույս հայտնեց, որ «ընդդիմության ղեկավարությունը չի սպասի, որ Արցախյան հարցով Վաշինգտոնում սպասվող համաձայնագրի ստորագրմանը, այլ մինչեւ այդ կփորձի համապատասխան գործողություններով, քայլերով կանխել դա»:

Սեֆիլյանը ասաց, որ պաշտոնապես իր այս մտահոգությունը, ինչպես նաեւ առաջարկությունը փոխանցելու է Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությանը:

Հարցին` եթե Կոնգրեսը չընդառաջի՞ առաջարկությանը, Ժիրայր Սեֆիլյանը արձագանքեց. - «Չեմ ուզում առաջ անցնել... Առանց այդ էլ, մենք որոշել են «Միացում» նախաձեռնության շրջանակներում շրջագայել Հայաստանով մեկ եւ, ինչու չէ, ամփոփել այդ բոլորը բազմամարդ հանրահավաքով Երեւանում»:

Նա ասաց, որ իրեն մտահոգում է նաեւ «ընդդիմության հեղինակությունը». - «Եթե սպասելու ենք, որ այս անօրեն իշխանությունները կատարեն իրենց, այսպես ասած, դավաճանական քայլը, դրանից հետո փորձենք տապալել [իշխանություններին], կարծում եմ, ժողովրդի կողմից ճիշտ չի ընկալվի: Ճիշտ է չթողնել, որ այդ դավաճանությունը տեղի ունենա»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ժիրայր Սեֆիլյանը, մնացած անձինք, ովքեր նաեւ մեր նույն քաղաքական թիմի անդամներ են, առաջարկը որ հնչեցրել են, ես վստահ եմ, որ մենք կհանդիպենք, միասին կքննարկենք եւ կհանգենք համապատասխան լուծումների»:

«Միացում» ազգային նախաձեռնությունը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում «դատապարտում է սույն թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների համատեղ հռչակագրի ստորագրումը` որպես Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող եւ տարածաշրջանում 1994 թ. հրադադարի կնքմամբ հաստատված փխրուն կայունությունը խախտելուն միտված վտանգավոր ձեռնարկ»։

«Ինքնին հասկանալի է, որ «կարգավորման» նման տարբերակի անգամ մասնակի գործադրումը հանգեցնելու է տարածաշրջանային կայունության առանցքային եւ միակ երաշխիքը հանդիսացող Հայաստանի ներկա պաշտպանական համակարգի ամբողջական փլուզմանը, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման վտանգի կտրուկ մեծացմանը եւ Հայոց պետականության գոյության մոտալուտ վախճանին», - գրում են հայտարարության հեղինակները։

«Միացում» ազգային նախաձեռնությունը պահանջում է «անհապաղ դադարեցնել Հայաստանի ազատագրված տարածքի նկատմամբ պետականակործան զիջումներին ընդառաջ գնալու քաղաքականությունը, արագ եւ վճռական քայլեր ձեռնարկել ազատագրված տարածքները վերաբնակեցնելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը միջազգային իրավունքով պատկանող Լեռնային Ղաարբաղի սահմանադրական ողջ տարածքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը վերականգնելու ուղղությամբ»։


Հովհաննես Շողիկյան