Հայ դատի հանձնախումբը ողջունում է Օբամա-Բայդեն զույգի հաղթանակը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում Բարաք Օբամա-Ջո Բայդեն զույգի հաղթանակը:

Երեկ տարածած հաղորդագրությունում «պատմական» որակելով այդ հաղթանակը, Հայ դատի հանձնախումբը այն համարել է «Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության` Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքը հարգող կարգավորմանը Միացյալ Նահանգների աջակցության նոր եւ հզոր հնարավորություն»:

Կազմակերպությունը ընդգծում է, որ Օբամայի եւ Բայդենի հաղթանակին նշանակալի չափով նպաստեցին նաեւ ամերիկահայ համայնքի ջանքերը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է նաեւ, որ նախագահականին զուգահեռ անցկացված կոնգրեսական ընտրություններում հաղթել են իր սատարած թեկնածուների 94 տոկոսը. Ներկայացուցիչների պալատում` 211-ից 201-ը, Սենատում` 15-ից 11-ը:

Մասնավորապես, Ներկայացուցիչների պալատում վերընտրվել են խոսնակ Նենսի Փելոսին, Ջորջ Ռադանովիչը, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջիմ Կոստան եւ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի այլ անդամներ ու հայամետ կոնգրեսականներ: Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ջո Նոլենբերգը պարտվել է:

Սենատում վերընտրվել են Ջոն Քերին, Ջո Բայդենը, Ռիչարդ Դերբինը, Միթչ ՄըքՔոնելը եւ այլոք:


(Լուսանկարում` սենատոր Բարաք Օբաման Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ)