Դավիթ Հարությունյան. «Չի կարելի ասել, որ Հայաստանը կատարել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բոլոր պահանջները»

«Չի կարելի ասել, որ Հայաստանը կատարել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բոլոր պահանջները», - երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Խոսքը վերաբերում էր Եվրախորհրդում ընդունված թիվ 1620 բանաձեւի այն կետին, որտեղ խոսվում է միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա ընդդիմության ներկայացուցիչներին դատապարտելու անթույլատրելիության մասին:

Այդ կետը, Հարությունյանի կարծիքով, իսկապես չի կատարվել, սակայն, նրա մեկնաբանությամբ, խնդիրը պահանջում է ոչ թե իրավական, այլ քաղաքական լուծում:

«Կարծում եմ, լավագույն լուծումը տվյալ պարագայում կլիներ համաներումը», - նշեց Դավիթ Հարությունյանը` հավելելով, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի կատարեն վեհաժողովի պահանջները:

«Ես հույս ունեմ, որ շատ ինտենսիվ զարգացումներ տեղի կունենան հենց նոյեմբեր ամսին», - ասաց Հարությունյանը: - «Դա նաեւ պայմանավորված է լինելու պարոն Համարբերգի այցով Հայաստան, որը տեղի կունենա նոյեմբերի 20-ից հետո»:

Նոյեմբերի վերջին Երեւան է ժամանելու Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգը` Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պահանջների կատարման ընթացքը դիտարկելու նպատակով:

Երեկվա ասուլիսում Դավիթ Հարությունյանը նաեւ անդրադարձավ Երեւանի մասին օրենքին: 2005 թվականի սահմանադրական բարեփոխումների համաձայն` այդ օրենքը պետք է ընդունված լիներ մինչեւ անցած տարվա դեկտեմբեր ամիսը:

«Կարծես թե քաղաքական քննարկումների արդյունքում մենք հանգեցինք այն եզրակացությանը, որ նախընտրելի է ունենալ որակյալ օրենք, այլ ոչ թե ունենալ մի օրենք, ?ֆորմալ կատարելով սահմանադրական պահանջը, որից հետո սկսել այդ օրենքը բարեփոխել», - սահմանադրական պահանջի խախտումը մեկնաբանեց Դավիթ Հարությունյանը, որը նաեւ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն է:

Ըստ Հարությունյանի, մինչեւ հաջորդ տարեվերջ կանցկացվեն Երեւանի քաղաքապետի ընտրություններ:


Աստղիկ Բեդեւյան