Վճռաբեկ դատարանը բավարարեց ԳԱԼԱ հեռուստաընկերության հայցը

Վճռաբեկ դատարանը Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության բողոքը քննելուց հետո բեկանել է վերաքննիչ դատարանի վճիռը, որի հետեւանքով հեռուստաընկերությունը պետք է զրկվեր Գյումրիի հին հեռուստաաշտարակը հեռարձակման նպատակով օգտագործելու հնարավորությունից:

Մեկ տարի առաջ Գյումրիի քաղաքապետարանը սեփականաշնորհել էր քաղաքի հին հեռուստաաշտարակը, որը մինչ այդ տիրազուրկ էր համարվում եւ որի վրա է տեղադրված ԳԱԼԱ հեռուստաընկերության հաղորդակը: Քաղաքապետարանը հրաժարվել էր աշտարակը շահագործելու մասին պայմանագիր կնքել ԳԱԼԱ-ի հետ` պահանջելով, որ հեռուստաընկերությունը նախ վճարի հեռուստաաշտարակը երկու տարի շահագործելու դիմաց: Պահանջվող գումարը` մոտ 3 միլիոն դրամ, ԳԱԼԱ-ն հրաժարվել էր վճարել, քանի որ իրավական որեւէ հիմք չէր տեսնում:

Քաղաքապետարանը դիմել էր դատարան, պահանջելով անհապաղ ապամոնտաժել հեռուստաաշտարակի վրա տեղադրված` ԳԱԼԱ-ին պատկանող սարքավորումները: Հեռուստաընկերությունը, իր հերթին, հակընդդեմ հայց էր ներկայացրել: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ԳԱԼԱ հեռուստաընկերության հակընդդեմ հայցը եւ բավարարել քաղաքապետարանի հայցը:

Հեռուստաընկերությունը դիմել էր վերաքննիչ դատարանում, սակայն ընդհանուր իրավասության դատարանի վճիռը մնացել էր անփոփոխ: Վերաքննիչի վճռից հետո արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները սկսել էին ԳԱԼԱ-ի սարքավորումների ապամոնտաժումը հեռուստաաշտարակից, եւ հեռուստաընկերությունը 20 ժամ եթերազրկվել էր: Հեռարձակումը, սակայն, վերականգնվեց բանակցությունների արդյունքում:

Հոկտեմբերի 31-ին Վճռաբեկ դատարանը որոշել է բեկանել վերաքննիչ դատարանի վճիռը եւ գործն ուղարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խուսափեց տեղի ունեցածը «հաղթանակ» որակելուց: «Չեմ ուզում ասել, որ մենք հաղթել ենք մեր սեփական իշխանություններին, ցավոք` դա այդպես եղավ», - նշեց Խաչատրյանը: - «Ճիշտն ասած, սպասում էի, որ կբեկանեին, որովհետեւ ե’ւ առաջին, եւ վերաքննիչ դատարանի որոշումները կայացվեցին այն ժամանակահատվածում, երբ Հայաստանում ընդհանուր իրավիճակը լարված էր, եւ հիմա արդեն հանգիստ իրավիճակում երեւի ավելի երկար են մտածել եւ կայացրել են ճիշտ որոշում»:

Վահան Խաչատրյանը նաեւ կարծիք հայտնեց, որ քաղաքապետարանը հեռուստաաշտարակից ԳԱԼԱ-ի սարքավորումները ապամոնտաժելու պահանջը ներկայացրել էր «իշխանության ամենավերին օղակներից» հրահանգ ստանալուց հետո:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի