Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հռչակագիր

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները երեկ հռչակագիր են ստորագրել` պատրաստակամություն հայտնելով շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունները` որպես կարգավորման հիմք ընդունելով 2007 թվականի նոյեմբերի 29-ին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կողմից Մադրիդում առաջարկված սկզբունքները։





Մոսկվայի մոտակայքում` Ռուսաստանի նախագահի նստավայր «Մայենդորֆ» դղյակում նախ կայացել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունները դեմ առ դեմ ձեւաչափով, այնուհետեւ երկու նախագահներին միացել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

Կայացած հանդիպումների արդյունքում ստորագրվել է հինգ կետից բաղկացած հռչակագիր, որը հրապարակել է Դմիտրի Մեդվեդեւը:

Այս փաստաթղթով Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ խաղաղ բանակցությունների շարունակման կարեւորությունը եւ պարտավորվել են համապատասխան քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ:

Կողմերը նաեւ նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը պետք է ուղեկցվի «իրավականորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքների» ընդունմամբ։

Ստորեւ ներկայացվում է հռչակագրի տեքստը ամբողջությամբ, որը տրամադրել են Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից.

«Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները, Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերով, հանդիպելով 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում,

կառուցողական մթնոլորտում առարկայական եւ բովանդակային քննարկելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական միջոցներով, ուղիղ երկխոսության շարունակման ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավիճակը եւ հեռանկարները`


1. Հայտարարում են, որ կնպաստեն Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը եւ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման եւ համակողմանի համագործակցության համար:

2. Հաստատում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ եւ հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով:

3. Համաձայնում են, որ խաղաղ կարգավորման հասնելը պետք է ուղեկցվի դրա բոլոր ասպեկտների եւ փուլերի իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներով:

4. Նշում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համաձայնեցման ուղղությամբ, այդ թվում նաեւ բարձրագույն մակարդակով հետագա շփումների ընթացքում, եւ հանձնարարեցին իրենց արտաքին գործերի նախարարներին` ակտիվացնել հետագա քայլերը բանակցային գործընթացում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ փոխգործակցությամբ:

5. Կարեւոր են համարում խրախուսել կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում վստահության ամրապնդման միջոցների կենսագործման համար պայմանների ստեղծումը»:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «պատմական եւ կարեւոր» որակեց ստորագրված հռչակագիրը` «թեկուզ միայն այն առումով, որ սկսած 1994 թվականից, երբ կնքվեց զինադադարի մասին պայմանագիրը, սա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով ընդունված առաջին փաստաթուղթն է»:

Մերզլյակովի համոզմամբ, փաստաթուղթը կարագացնի ու կակտիվացնի բանակցային գործընթացը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել Մինսկի խմբի համանախագահների հետ:

Այսօր նա Մոսկվայից մեկնում է Փարիզ, որտեղ առանձնազրույց կունենա Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, ինչպես նաեւ կհանդիպի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, աշխարհահռչակ երգիչ ու հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հետ:

Փարիզից Հայաստանի նախագահը կմեկնի Բրյուսել, ուր նախատեսված են հանդիպումներ Բելգիայի վարչապետի, Սենատի եւ խորհրդարանի նախագահների, ինչպես նաեւ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, արտաքին կապերի գծով եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների, Եվրախորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Պոտերինգի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ:


Ազա Բաբայան, Մոսկվա