7 մեղադրյալներից 6-ը բողոքում են քրեական նյութի գործերին ծանոթանալու ժամկետը սահմանափակելու որոշման դեմ

Այսօր լրանում է 7 մեղադրյալների մասով քրեական գործի նյութերին ծանոթանալու` Հատուկ քննչական ծառայության սահմանած ժամկետը: Այսինքն` ինչպես օրենքն է պահանջում, պաշտպանական կողմը` 7 մեղադրյալներն ու նրանց շահերի պաշտպանները, 24 ժամվա ընթացքում պետք է նախաքննության մարմնին ներկայացնեն իրենց միջնորդությունները:

Հիշյալ 7 անձանց` Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Շանթ Հարությունյանին, Սուրեն Սիրունյանին եւ Սասուն Միքայելյանին առաջադրվել է «իշխանությունը յուրացնելու» մեղադրանք:

Մեղադրյալներից միայն մեկը` Շանթ Հարությունյանը, ով նաեւ հրաժարվել է պաշտպան ունենալու իրավունքից, գրավոր տեղեկացրել է, որ արդեն ծանոթացել է 41 հատորանոց 12 հազար թերթից բաղկացած քրեական գործի նյութերին եւ հավանաբար նաեւ` գործին կցված տեսանյութերին:

Մյուս 6 մեղադրյալները` Ալեքսանդր Արզումանյանը, Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, ու նրանց շահերի պաշտպանները բողոք են ներկայացրել գլխավոր դատախազին` քրեական գործի նյութերին ծանոթանալու ժամկետը սահմանափակելու վերաբերյալ կայացրած որոշման դեմ:

Ալեքսանդր Արզումանյանի եւ Սասուն Միքայելյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը փոխանցեց, որ պաշտպանական կողմը պահանջում է, որպեսզի «վարույթն իրականացնող մարմնի կայացրած այդ ոչ իրական եւ իրատեսական որոշումը վերացվի» եւ պաշտպանությանը տրամադրվի հավելյալ մեկ ամիս:

Հակոբ Հակոբյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանի խոսքով, բազմաթիվ հիմնավոր պատճառներ կան, որոնք վկայում են, որ «նույնիսկ լավագույն ցանկության դեպքում պաշտպանական կողմը հնարավորություն չէր կարող ունենալ ծանոթանալու [քրեական գործի նյութերին]»:

Ինչպես փաստաբան Հովիկ Արսենյանը, այնպես էլ լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը մասնակցող մյուս փաստաբանները միաբերան նշեցին, որ քրեական գործի նյութերն ամբողջությամբ իրենց ձեռքի տակ են եղել միայն հոկտեմբերի 17-ին, իսկ, ասենք, փաստաբան Ստեփան Ոսկանյանը միայն հոկտեմբերի 23-ին է ստանձնել Գրիգոր Ոսկերչյանի պաշտպանությունը:


Կարինե Քալանթարյան