Կրքերը Սունդուկյանի անվան թատրոնի շուրջ չեն հանդարտվում

Նշենք, որ բազմաթիվ թատերական գործիչներ դեմ են արտահայտվել մշակույթի նախարարության այս որոշմանը: Սունդուկյանի անվան թատրոնի ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը կարծում է, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «հաշվի չառավ շատերի կարծիքը»:

«Հասմիկ Պողոսյանը մի ձեռքի հարվածով կացնահարեց ու փոխեց օրենքը, որը չգիտեմ ինչի կբերի: Այդ օրենքի փոփոխության արդյունքում արդեն Հայաստանում մի քանի թատրոններ քանդվել են, կարող եմ նշել Գյումրիի թատրոնը, որը նույն իրավիճակում է, Երաժշտական թատրոնը: Օպերային թատրոնը ձմեռվանից այս կողմ նույն իրավիճակում է, հիմա էլ Մայր թատրոնը», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Սուրեն Շահվերդյանը:

Իսկ ասուլիսին հրավիրված միակ հյուրը «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանն էր: Հնչած հարցը, որի շուրջ ծավալվեց ասուլիսը հետեւյալն էր` «Վահե Շահվերդյանը բազմիցս ասել է, որ Արմեն Մազմանյանը, լիներով Հասմիկ Պողոսյանի մտերիմը, ինքն է հրահրել նրան ազատել Վահե Շահվերդյանին թատրոնի գեղարվեստական ղեկավարի պատոնից»:

Արմեն Մազմանյանը պատասխանեց. - «Ես ու Հասմիկ Պողոսյանը միասին ո’չ մանկապարտեզ ենք գնացել, ո’չ դպրոց կամ էլ համալսարան, Հասմիկ Պողոսյանին ես ճանաչում եմ, ինչպես հարյուրավոր այլ մտավորականներ»:

Արմեն Մազմանյանը ուրախ է մշակույթի նախարարության կատարած փոփոխության համար. - «Ազգային թատրոնները աշխարհում կառավարվում են այլ սկզբունքով` գլխավոր տնօրենի համակարգով: Ցմահ գեղարվեստական ղեկավար լինելը տրված չէ ոչ մեկին: Այլ բան է հեղինակային թատրոնը, այլ` ազգային թատրոնը»:

Արմեն Մազմանյանը շարունակեց, որ ինքը տրամադրված չէր պատասխանել Վահե Շահվերդյանին, հասկանալով, որ հասարակությունն ու մամուլը սկանդալների է սպասում, իսկ ինքը չի ցանկանում դառնալ գործիք, բայց այնուամենայնիվ, նա Վահե Շահվերդյանին անվանեց «բացարձակ գող», «բացարձակ զազրախոս» ու «միջակ գավառացի»: Ավելացրեց, որ իրականում մայր թատրոնը խարխուլ վիճակում է, որ այնտեղ բեմադրված ոչ մի ներկայացում չի արտացոլում այսօրվա քաղաքացու ցավը:

«Մայր թատրոնը պիտի լինի բաց հարթակ, որը պիտի ունենա գլխավոր տնօրեն, որը պատասխանատու լինի պետության առաջ որակի համար եւ, չունենալով իրավունք ինքը բեմադրելու, գտնի լավագույն ռեժիսորին, դրամատուրգին», - ամփոփեց Արմեն Մազմանյանը:

«Հայաստանում ազատ բեմ, իհարկե, պիտի լինի», - ասում է Սուրեն Շահվերդյանը ու ավելացնում. - «Թող այսօր մշակույթի նախարարությունը կառուցեր մի նոր շենք ու ասեր, որ սա ազատ բեմն է, եկեք ու ստեղծագործեք: «Ազատ բեմ» նշանակում է, որ մշակույթի նախարարությունը տանում է թատրոնի բեմը ավելի շատ վարձակալության տալու քաղաքականություն: Եթե ուշադիր հետեւեք, Օպերային թատրոնը այսօր ազատ բեմ է համարվում, այնտեղ չկա գեղարվեստական ղեկավար եւ այդ բեմը ավելի շատ օգտագործվում է վարձակալության համար: Նույնը կկատարվի Սունդուկյանի թատրոնի հետ»:


Նանե Սահակյան