Մամուլի տեսություն

«Առավոտ»-ը հարցազրույց է հրապարակել Ազգային ժողովի նախկին խոսնակ, այժմ պատգամավոր Տիգրան Թորոսյանի հետ: Lրագրողի այն դիտարկմանը, թե «պաշտոնը թողնելուց հետո Ձեր անձնական քվեարկության պատկերը փոխվել է. հիմա քվեարկում եք կամ ընդդիմադիրի, կամ ընդդիմադիրին մոտ կեցվածքով», Թորոսյանը պատասխանել է. - «Քաղաքականության մեջ երրորդ վիճակ չկա. եթե իշխանության մեջ չես, ուրեմն ընդդիմություն ես: Երբ մարդ մի միջավայրում է գտնվում` կուսակցություն, իշխանություն, ընդդիմություն եւ այլն, բնական է, որ իր գործողություններն այս կամ այն չափով պիտի պայմանավորված լինեն այդ միջավայրով: Այդ առումով որոշ կաշկանդումներ եղել են: Թեեւ այն ժամանակ էլ որոշ դեպքերում ես չեմ քվեարկել այնպես, ինչպես շատերը: Կարեւորը` ցանկացած քվեարկության ժամանակ համոզված եմ եղել, որ ճիշտ եմ վարվել: Հիմա մի փոքր այլ է. ես քվեարկում եմ միայն որպես Տիգրան Թորոսյան եւ պարտադրված չեմ կոմպրոմիսային այլ հնարավորություններ գտնելու»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Փորձագետների փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 23-ին ստորագրած կարգադրությունից հետո Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները արդեն հինգերորդ օրն է, ինչ շունչները պահած ու պապանձված սպասում են, թե ինչ որոշում է կայացնելու առաջնորդը: Եվ որքան էլ զարմանալի է, Լեւոն ՏԵր-Պետրոսյանի որոշմանն է սպասում նաեւ կոնգրեսի անդամ չհանդիսացող «Ժառանգություն» կուսակցությունը, քանի որ վերջինս չի շտապում խմբի աշխատանքին մասնակցել-չմասնակցելու հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտել: Ճիշտ է, պատճառաբանում է, թե վարչությունն է որոշում կայացնելու, բայց ակնհայտ է, որ «Ժառանգությունը» ոտքը կախ գցած հետեւում է Տեր-Պետրոսյանին: Եվ միայն նրա որոշումից հետո «Ժառանգությունը» վերջնականապես կկողմնորոշվի ինչպես վարվել»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Երեկվանից Համաժողովրդական շարժումը սկսել է հայ իրականության համար աննախադեպ մի գործընթաց. տարածվել է մի հայտարարություն, որով մարդիկ պահանջում են իրենց նույնպես մեղադրանք առաջադրել մարտի 1-ի «Մեծ քրեական գործով»: «Ես եմ մյուսը...» խորագրով հայտարարությունը ստորագրել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներն ու Հայ ազգային կոնգրեսի այն ներկայացուցիչները, ում առաջադրված է եղել մեղադրանք Քրեական օրենսգրքի 300 հոդվածով («Իշխանության յուրացում»)»:

«ժամանակ Երեւան»-ը հրապարակել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդներից Դավիթ Շահնազարյանի` նախօրեին տպագրված ծավալուն հարցազրույցի շարունակությունը: «Այսօր Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցով տալ շատ ավելին, քան Արեւմուտքը: Ռուսաստանին Հայաստանը եւ Ղարաբաղը հետաքրքրում են առաջին հերթին որպես Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու լծակ: Ռուսաստանը փորձում է կորցնել ավելի քիչ, քան հնարավոր է, սակայն` իր թելադրած խաղի կանոններով, առաջնորդվելով իր շահերով եւ Ադրբեջանում լծակներ ձեռք բերելու ձգտումներով»: «Ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման դեպքում Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում եթե չասենք` իսպառ կվերանա, ապա` էականորեն կնվազի», - կարծիք է հայտնում Դավիթ Շահնազարյանը` կարեւորելով այն փաստը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր վերջին ելույթով հասարակության մեջ իրական հետաքրքրություն, քննարկումների ծավալման անհրաժեշտության անկեղծ մթնոլորտ ձեւավորեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ:

«Հրապարակ»-ը գրում է. - «Երեկ մեր ոստիկանությունը շատ օպերատիվ բացահայտել է Կոմիտասի վրա կիրակի օրը կատարված սպանությունը: Ձերբակալվել է 29-ամյա Հայկ Դավթյանը, որը սպանել է իր հորեղբորը` որսորդմիության նախագահ Սայաթ Դավթյանին սպանողին` Հրաչյա Մաթեւոսյանին: Դավթյանի սպանությունն առայսօր բացահայտված չէր»: «Փաստորեն», - եզրակացնում է թերթը, - «քաղաքացիներն ավելի արագ են բացահայտում սպանությունները եւ դատաստան տեսնում հանցագործների հետ, քան պետությունը»:


Ռուբեն Մելոյան