Նոր սկանդալ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների շեմին

Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններից 8 օր առաջ ամերիկյան քաղաքական դաշտում նոր սկանդալ է ծագում: Դեմոկրատական կուսակցության ղեկավար մարմինը` Ազգային կոմիտեն հայտարարում է, թե Ջոն ՄըքՔեյնի շտաբը գերազանցել է թույլատրելի նախընտրական նվիրատվությունների չափը գրեթե 7 միլիոն դոլարով:

Օբամայի շտաբը վերլուծել է ՄըքՔեյնի օգտին կատարված նվիրատվությունների մասին տեղեկատվությունը եւ հայտնաբերել, որ մոտ 6 հազար նվիրատվությունների պարագայում դրանք գերազանցել են թույլատրված 2300 դոլարը: Այս առթիվ դեմոկրատ թեկնածուի շտաբն արդեն իսկ պաշտոնական բողոք-դիմում է ուղարկել Դաշնային ընտրական հանձնաժողով:

Օբամայի կողմնակիցները նաեւ նշում են, թե հայտնաբերել են, որ ՄըքՔեյնի ընտրաշավի համար արված որոշ նվիրատվությունների չափը հասնում է 10 հազար դոլարի, իսկ հատկացումներից մեկի հեղինակը Հորդանանի քաղաքացի է, ինչը ամերիկյան ընտրական օրենսդրության կոպիտ խախտում է:

Դեմոկրատ թեկնածուն կոչ է անում իր կողմնակիցներին այսօր արդեն ակտիվորեն մասնակցել քվեարկությանը: Ամերիկյան նահանգների մեծ մասում ընտրողները արտահերթ քվեարկության իրավունք ունեն. եթե ընտրողը նոյեմբերի 4-ին զբաղված է լինելու եւ չի կարողանալու այցելել տեղամաս, ապա հատուկ կտրոնի առկայության դեպքում նրան հնարավորություն է տրվում քվեարկել ընտրություններին նախորդող օրերին:

Օբամայի շտաբում համոզված են, որ իրենց թեկնածուի հաջողության հիմնական գրավականը հենց ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշն է լինելու:

Նեւադա նահանգում կազմակերպված հանրահավաքի ժամանակ Օբաման հայտարարել է. - «Եթե դուք ավելի շուտ քվեարկեք, ապա այդ գործում ներգրավեք նաեւ ձեր ընկերներին ու հարեւաններին: Այդ դեպքում ես ձեզ խոտանում եմ, որ մենք կհաղթենք ոչ միայն Նեւադայում, այլեւ համապետական ընտրություններում եւ միասին կփոխենք երկիրը, կփոխենք աշխարհը»:

Սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ Օբամայի վարկանիշը մոտ 10 տոկոսով բարձր է Ջոն ՄըքՔեյնի վարկանիշից:

Հանրապետական թեկնածուն, սակայն, հայտարարում է, թե սոցիոլոգիական ծառայությունները դիտավորյալ նվազեցնում են իր վարկանիշը:

«Ես կարող եմ ասել, որ իմ վարկանիշը գնալով աճում է, եւ դեռ հայտնի չէ, թե ինչ ցուցանիշներ են լինելու ընտրությունների գիշերը», - ասում է ՄըքՔեյնը` իր բոլոր ելույթներում հայտարելով. - «Մենք չենք պատաստվում հանձնվել»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա