Սմբատ Այվազյանը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները

«Ես համարում եմ ծաղրուծանակ արդարադատության եւ հասարակության հանդեպ, որ Այվազյան Սմբատին մեղադրում են ինչ-որ մի մահակ կրելու համար», - իր գործով այսօրվա դատական նիստում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը:

Նրա պնդմամբ, սառը զենք կրելու մեղադրանքով իր դեմ հարուցված գործի հիմք հանդիսացող մահակը հենց ոստիկաններն էին իրեն տվել:

Համաձայն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Այվազյանի տված ցուցմունքների, ոստիկանները զգուշացրել էին, որ եթե մահակը չարձանագրեն իբրեւ նրա մոտ հայտնաբերված իր, ապա պետք է արձանագրեն, թե այն գտել են նրա հետ նույն մեքենայում գտնվող ընկերների` Վարդան Կիրակոսյանի եւ Արտակ Սիսակյանի մոտ:

Այվազյանը հայտարարեց նաեւ, որ գործում առկա մահակը այն չէ, որը իրեն ցույց են տվել, թե, իբր, հայտնաբերվել է իր մեքենայից:

Սմբատ Այվազյանը հերքեց նաեւ իրեն առաջադրված մյուս` ուղեկցող ոստիկանների նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն կիրառելու մեղադրանքը:

Նրա պաշտպանները դատարանին ներկայացրեցին վեց անձանց բացատրությունները, ըստ որոնց` ոստիկանության շենքի բակում որեւէ միջադեպ տեղի չի ունեցել Այվազյանի եւ ոստիկանության ներկայացուցիչների միջեւ: Բացատրությունների մեջ նաեւ նշված է, որ Այվազյանին ուղեկցող ոստիկանները զինված էին ինքնաձիգներով: Պաշտպանական կողմի միջնորդությամբ բացատրությունները ճանաչվեցին իրեղեն ապացույց եւ կցվեցին քրեական գործին:

Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի այլ միջնորդություններ եւս:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 27-ին: Այվազյանն առաջարկեց դատական նիստը տեղափոխել մեկ այլ օր` հիշեցնելով, որ հոկտեմբերի 27-ը 1999 թվականին Ազգային ժողովի նիստերի դահլիճում կատարված ոճրագործության օրն է, սակայն դատավորը արդեն նշանակել էր դատական նիստի օրը:

Սմբատ Այվազյանը, ով անազատության մեջ է 2008 թվականի փետրվարի 24-ից, դատական նախորդ նիստերից մեկում պահանջել էր իր գործը կարճել եւ միացնել իր «բանտարկված ընկերների` 7-ի գործին»:

Հիշյալ 7 գործիչներին` Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Շանթ Հարությունյանին, Սուրեն Սիրունյանին եւ Սասուն Միքայելյանին առաջադրվել է «իշխանությունը յուրացնելու» մեղադրանք:


Անուշ Մարտիրոսյան