Համանախագահները պատրաստվում են այցելել տարածաշրջան

Հաջորդ շաբաթ նախատեսվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Այդ մասին APA գործակալությանը հայտնել է ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն` միաժամանակ դժվարանալով նշել այցի հստակ ժամկետները:

Ֆասիեն հույս է հայտնել, որ Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները կակտիվանան:

«Ընտրությունները ավարտվեցին, եւ, կարծում եմ, մենք կարող ենք շարունակել աշխատանքը մեզ հետաքրքրող կետերի վրա», - ասել է ֆրանսիացի համանախագահը:

Նա նաեւ հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման գաղափարը, որը երեկ Երեւանում հնչեցրեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, «շատ հետաքրքիր գաղափար է, սակայն պետք է ամեն ինչ քննարկել»:

Հայաստանի արտգործնախարարությունում չհաստատեցին համանախագահների առաջիկա այցի մասին տեղեկությունը` նշելով, որ հստակ ժամկետներ իրենց հայտնի չեն: