Զարգացման ասիական բանկը 1,5 միլիոն դոլար է հատկացրել Հայաստան-Իրան երկաթգծի նախագծմանը

Զարգացման ասիական բանկը շուրջ 1,5 միլիոն դոլար է հատկացրել Հայաստան-Իրան երկաթգծի նախագծման աշխատանքներն իրականացնելու համար: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մյուս տարվա կեսին մենք կկարողանանք հաստատել բիզնես մոտեցումները, հաշվարկները` տնտեսական էֆեկտիվության մասին, եւ Ասիական բանկի կողմից պատրաստված փաստաթղթերը կկարողանանք ներկայացնել նաեւ մասնավոր հատվածին, որը նույնպես կարող է այս նախագծին մասնակցել», - ասաց վարչապետը:

«Այսօր գաղտնիք չէ, որ մենք մեր ստրատեգիական գործընկերներին նույնպես առաջարկում ենք մասնակցել այս պրոյեկտում, եւ հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք կկարողանանք զեկուցել, որ այս ոլորտում լուրջ առաջընթաց կա», - նշեց Տիգրան Սարգսյանը:

Ժողովրդին եւ Ազգային ժողովին հոկտեմբերի 2-ին հղած իր ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանի կողմից նախաձեռնվելիք երեք խոշորագույն ծրագրերի մասին, որոնք են` Հայաստան-Իրան երկաթուղու եւ նոր ատոմակայանի կառուցման, ինչպես նաեւ Համահայկական բանկ ստեղծելու նախագծերը:


Շաքե Ավոյան