«Իրաքի քրիստոնյաները լիկվիդացման վտանգի տակ են»

«Իրաքի քրիստոնյաներին լիկվիդացում է սպառնում», - «Ֆրանսպրես» գործակալությանը հայտարարել է Իրաքի հյուսիսային Քիրքուք քաղաքի քաղդեական եկեղեցու արքեպիսկոպոս Լուիս Սակոն:

Արքեպիսկոպոսը երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիքիին հորդորել է ապահովել փոքրամասնությունների անվտանգությունը, ինչպես նաեւ կոչ է արել ամերիկյան զորքերին ավելին անել` քրիստոնյաներին եւ մյուս փոքրամասնություններին հարձակումներից պաշտպանելու համար:

«Մենք լիկվիդացման արշավի, բռնության արշավի թիրախն ենք: Նպատակը քաղաքական է», - վստահեցրել է Սակոն:

Նրա վկայությամբ` 2003 թվականին ԱՄՆ-ի գլխավորած ուժերի Իրաք մտնելուց ի վեր երկրում սպանվել են ավելի քան 200 քրիստոնյաներ, հարձակման են ենթարկվել մի շարք եկեղեցիներ, շուրջ 800-հազարանոց քրիստոնյա բնակչության մեկ երրորդը լքել է երկիրը: Իսկ վերջին ամիսներին բռնությունները սաստկացել են, հատկապես` երկրի հյուսիսում:

Հոգեւորականը ընդգծել է, որ ի տարբերություն շիաների, սուննիների եւ քրդերի` քրիստոնյաները ինքնապաշտպանության զինված խմբավորումներ չունեն, իսկ դրանց ստեղծումը ոչ միայն չի թեթեւացնի համայնքի վիճակը, այլեւ ավելի կբարդացնի այն:

«Մենք շատ խոսքեր ենք լսել վարչապետ Մալիքիից, սակայն, ցավոք, դրանք իրականություն չեն դարձել: Մենք շարունակում ենք թիրախ լինել: Մեզ պետք են լուծումներ եւ ոչ խոստումներ», - հայտարարել է արքեպիսկոպոս Սակոն: