Կայացավ Օբամա - ՄըքՔեյն երկրորդ հեռուստաբանավեճը

Ամերիկյան Թենեսի նահանգի մայրաքաղաք Նեյշվիլում երեկ ուշ երեկոյան կայացավ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուներ` դեմոկրատ սենատոր Բարաք Օբամայի եւ հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնի երկրորդ հեռուստաբանավեճը:

Ավելի քան մեկ ժամ տեւած հեռուստաբանավեճի ընթացքում նախագահի թեկնածուները սուր քննադատության ենթարկեցին միմյանց:

Թեկնածուներին ուղղված հարցերը հիմնականում սոցիալ-տնտեսական, առողջապահական, արտաքին քաղաքականության եւ բնապահպանական ոլորտներից էին:

Խոսելով արտաքին քաղաքականության մասին` հանրապետական թեկնածու Ջոն ՄըքՔեյնը հայտարարեց, թե պետք է ոչ միայն մտածել ԱՄՆ-ի անվտանգության համար, այլեւ պայքարել ցեղասպանության եւ ահաբեկչության դեմ: Նա ասաց, թե Բարաք Օբաման չի ընկալում Միացյալ Նահանգների անվտանգության համակարգը:

Հակադարձելով մրցակցին` Օբաման ասաց, թե այո, ինքը չի ընկալում, թե ինչպես կարելի է գրավել մի երկիր, որը կապ չունի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ. Միացյալ Նահանգները պայքարում է ահաբեկչության դեմ, այնինչ նույն Օսամա բին Լադենը շարունակում է ստեղծել ու զարգացնել ահաբեկիչների ճամբարները: Քննադատելով ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Ջորջ Բուշի արտաքին քաղաքականությունը եւ խոսելով Իրաքյան պատերազմից` Օբաման ընդգծեց, որ չնայած Ամերիկան հզոր երկիր է, բայց այն այսօր պետք է պահպանի իր տնտեսությունը եւ ավելորդ գումարներ չծախսի պատերազմի վրա:

ՄըքՔեյնը հայտարարեց, թե Օբաման պատրաստվում է ամերիկյան զորքը դուրս բերել Իրաքից պարտված, իսկ ինքը` հաղթանակած:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա ՄըքՔեյնը հայտարարեց, թե պետք է բարոյական օգնություն ցուցաբերել Վրաստանին եւ Ուկրաինային, աջակցել նրանց, որպեսզի ընդգրկվեն Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում: «Չեմ խոսում «սառը պատերազմի» վերսկսման մասին, սակայն Ռուսաստանի նման երկրին պետք է պատժել, եւ դա պետք է անել Մեծ ութնյակի անդամ երկրների աջակցությամբ: Կարող ենք տնտեսապես եւ քաղաքականապես ազդել Ռուսաստանի վրա», - նշեց հանրապետական գործիչը:

Օբամայի համոզմամբ, սակայն, Ռուսաստանը հաշվի կնստի Միացյալ Նահանգների հետ միայն այն դեպքում, երբ ԱՄՆ-ը զերծ կլինի տնտեսական կախվածությունից:

Հեռուստաբանավեճի ընթացքում դահլիճից թեկնածուներին ուղղված հարցին, թե ինչպե՞ս կվարվեին, եթե Իրանը հարձակվեր Իսրայելի վրա, կսպասեի՞ն արդյոք ՄԱԿ-ի որոշմանը` միջամտելու ռազմական գործողություններին, թե՞ միանգամից զորք կուղարկեին, Ջոն ՄըքՔեյնը պատասխանեց, թե չէր սպասի ՄԱԿ-ի որոշմանը:

Իրանի միջուկային ծրագրի եւ դրա հնարավոր զարգացումների առնչությամբ ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածուն կարծիք հայտնեց, թե պետք է ճնշել Իրանին` տարբեր պատժամիջոցներ կիրառելով, քանի որ միջուկային զենքի առկայությունը Իրանում կսպառնա անվտանգությանը տարածաշրջանում եւ ոչ միայն:

Դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման, սակայն, համոզմունք հայտնեց, որ պետք է բանակցությունների նստել ոչ միայն դաշնակից պետությունների, այլեւ թշնամիների հետ: Նա հնարավոր համարեց խնդրի լուծումը դիվանագիտական ճանապարհով: Միաժամանակ, նրա կարծիքով, պետք է տնտեսապես քայքայել Իրանին` քանդելով նրա նավթային համակարգը, որպեսզի Իրանը չկարողանա գումարներ ձեռք բերել նավթից եւ հետագայում այն օգտագործել միջուկային զենք ստեղծելու համար:


Հովհաննես Շողիկյան