Գալիք ապրիլից կբարձրանա գազի սակագինը

Ռուսաստանյան «Գազպրոմ»-ի եւ «Հայռուսգազարդ»-ի միջեւ այս ամիս ավելի վաղ կնքված պայմանագրով Հայաստան ներկրվող գազի գինը 2009 թվականի ապրիլի 1-ից կկազմի 1000 խորանարդ մետրի համար 154 դոլար (ներկայիս 110 դոլարի փոխարեն):

«Հայռուսգազարդ»-ի տնօրեն Կարեն Կարապետյանի խոսքով, մոտ օրերս իրենք հայտ կներկայացնեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ինչից հետո էլ կորոշվեն նոր սակագները սպառողների համար:

«Աստիճանաբար գազի գների փոփոխությունը համահունչ են այն տեմպերին, որ կատարվում են Ռուսաստանում` ներքին շուկաներում», - հավելեց Կարապետյանը: - «Գազի գնի կիրառումը հունվարի 1 չէ, ապրիլի 1 է, որը թույլ է տալիս ձմեռվա ամիսը անցնել եւ ավելի մեղմ պայմաններում ադապտացվել նոր գներին... Հաշվի առնելով եւ դրամ - դոլար փոխարժեքը, հաշվի առնելով եւ մեր տրանսպորտային լոգիստիկան, ռեալ բնակիչ-բաժանորդների վրա բեռը ծանր չի լինելու, ինչպես նաեւ` բիզնեսի վրա... Թվերը շատ մոտ ժամանակներս պարզ կլինեն»:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով այսօր այցելել էր «Հայռուսգազարդ», ասաց, թե գազի սակագնի փոփոխությունը «չնչին չափով» կավելացնի սոցիալական ծանրաբեռնվածությունը. - «Համաձայն եմ, որ սոցիալական ծանրաբեռնվածությունը լինելու է աննշան»:

Նախագահը այսօր շեշտեց նաեւ գազապահեստարանների հնարավորությունների մեծացման կարեւորությունը` նշելով, որ դրանց ծավալը հարկավոր է հասցնել մինչեւ 300 մլն խորանարդ մետրի:

Խոսելով Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի մասին, Սերժ Սարգսյանն ասաց, թե պետք է կարողանալ Իրան - Հայաստան գազատարի շինարարությունը համադրել 5-րդ բլոկի շինարարության ավարտի եւ շահագործման հետ:

Իրան - Հայաստան գազատարը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա հոկտեմբերին:


Ռուզաննա Ստեփանյան