Մամուլի տեսություն

«1991-ի սեպտեմբերի 21-ին դրսեւորված ոգեւորությունն ու միաբանությունը թերեւս աննախադեպ էր. այն որեւէ այլ առիթով այլեւս չկրկնվեց», - փաստում է «Հրապարակ»-ը: - «Ընդհակառակը` տարիների ընթացքում կենցաղի ու առօրյա կյանքի կազմակերպման դժվարությունների, իշխանությունների ապաշնորհության ու տգիտության մեղքը, չգիտես ինչու, տեղափոխվեց այդ սուրբ գաղափարի` անկախության դաշտ: Ամեն ինչ բարդվեց գաղափարի ուսերին` ալան-թալանը, կեղծիքը, անարդարությունները վերագրվեցին անկախությանը: Մարդիկ մի տեսակ մոռացան, որ ազատությունից, ինքնուրույնությունից, ինքնավարությունից հաճելի, երանելի բան չկա: Որ ցանկացած դժվարություն ու փորձություն նախընտրելի է ստրուկի հացից ու ապահովությունից: Որ սեփական պետություն ունենալու իղձը չի կարելի փոխարինել ինչ-որ մեկի վասալի կարգավիճակով»: «Այնպես որ, անկախությունն ու կախյալությունն անհամեմատելի արժեքներ են, եւ ամոթ է, որ 17 տարի անց մենք կրկին անդրադառնում ենք դրան», - ամփոփում է թերթը:

«Եթե դու 17 տարի շարունակ հոգեկան «օրհասական պահեր» ես ապրում եւ սպասում ես, որ ինչ-որ մեկը քեզ հերոսական ճիգերով կփրկի, քո երկիրը չի կարող լինել կայուն, չի կարող բռնել զարգացման ճանապարհը: Այս 17 տարուց «օրհասական» էին միայն պատերազմի երկու տարիները: Պատերազմը միակ «ճակատագրական» փորձությունն էր, եւ դրանից պատվով դուրս եկանք մեր իրական, ոչ չակերտավոր հերոսների, ողջ ժողովրդի շնորհիվ», - գրում է «Առավոտ»-ը` շարունակելով. - «Այս առումով չմոռանանք նաեւ մեր պետության Առաջին եւ Հիմնադիր նախագահին եւ նրա թիմին, որի մեջ մտնում էին, անշուշտ, Երկրորդ եւ Երրորդ նախագահները»: «Սակայն արժանին մատուցելով երեքին էլ` հույս հայտնեմ, որ մեր չորրորդ նախագահը անմիջական կապ չի ունենա պատերազմների ու հեղափոխությունների հետ, նրա փորձառությունը եւ, հետեւաբար, մտածողությունը հիմնված չեն լինի «օրհասական» իրավիճակներից դուրս գալու եւ ճգնաժամային կառավարման վրա: Այսինքն` ցանկալի է, որ մենք ապրենք խաղաղ, ավելորդ ռոմանտիկայից ու հերոսականությունից եւ պերմանենտ հեղափոխություններից զուրկ դարաշրջանում», - մաղթում է «Առավոտ»-ի խմբագիրը:

«Չնայած այս տարիներին մեր պետությանը բաժին հասած բոլոր դժվարություններին, որոնք այսօր էլ ամբողջությամբ հաղթահարված չեն, հպարտությամբ նշենք, որ երբեւէ չի սասանվել մեր հավատը ազատության, անկախության գաղափարների նկատմամբ», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը` ընդգծելով. - «Անկախությունը մեր ճակատագիրն է, որի շուրջ մեկտեղելով բոլորիս ջանքերը, պարտավոր ենք գնալ առաջ` ազգերի մրցակցության ու համագործակցության մեջ արժանի տեղ գրավելու համար»:

«168 ժամ»-ի գնահատմամբ` «ցավոք, մեր հասարակությունն Անկախության տոնը դեռեւս որպես իրական տոն չի ընդունում, եւ օրվա «տոնականությունը» սկսվում ու ավարտվում է տարբեր պաշտոնյաների վերամբարձ ելույթներով ու ստանդարտ ուղերձներով»: «Իսկ ավելի ցավալի է այն, որ հասարակության մեջ դեռեւս կան մարդիկ, ովքեր վերապահումով են վերաբերվում անկախությանը: Գուցե նաեւ այն պատճառով, որ հենց սեպտեմբերի 21-ին անկախության` անվերապահ ու անսակարկելի արժեք լինելու մասին ելույթներ ունեցող շատ պաշտոնյաների «շնորհիվ» այսօր Հայաստանի Հանրապետությունը դեռեւս իրական անկախության եւ ինքնիշխանության պահպանման խնդիր ունի», - շեշտում է թերթը:

«Հայք»-ի հարցազրույցում ՀՀԿ-ի խորհրդի անդամ Աշոտ Աղաբաբյանն ասում է. - «Տիգրան Թորոսյանը հրաժարական է տվել, որովհետեւ զգացել է, որ ինքը էլ չի կարող: Մենակ օրենքը լավ իմանալով կամ լավ խոսալով չէ: Ես շարքային զինվոր եմ եղել, շարքային պատգամավոր եմ եղել ու երբեք նրա` որպես ԱԺ նախագահի շունչը չեմ զգացել: Կնունք է եղել, ծնունդ է եղել, մի անգամ չհրավիրեց: ԱԺ պատգամավորների հետ դեպքեր եղան, մի անգամ չմիջամտեց, ոչ մի բան չարեց»:

«Չորրորդ իշխանություն»-ը նկարագրում է. - «Թորոսյանն իր հեռանալու մասին հայտարարելուց հետո մի քանի վայրկյան չէր կողմնորոշվում` ինչ անել. նա մատներն էր անընդհատ տրորում, ապա փորձում էր լքել աթոռը: Մեծ դժվարությամբ, բայց կտրուկ նա ոտքի կանգնեց` մեջքով շրջվեց ու հեռացավ նիստերի դահլիճից: Ընդմիջմանն արդեն մանդատավորների քեֆը միլիոն էր: Նրանք կատակում էին, բուֆետում բարձրաձայն հռհռում էին ու սպասում մինչեւ կազդարարվի եւս մի քանի քվեարկությունների մասին»:

«Հայք»-ի փոխանցմամբ` «հատկապես հանրապետական պատգամավորները չէին թաքցնում իրենց հրճվանքը, որ ի վերջո կարողացան առանց լուրջ ցնցումների ստիպել Տիգրան Թորոսյանին հրաժարական տալ»:

«Հայոց Աշխարհ»-ի պատմելով` «ԱԺ նախագահի աթոռին նստած մնաց եւս մի քանի րոպե, ապա ծանրորեն վեր կացավ ու դահլիճից հեռացավ դեպի ԱԺ նախագահի աշխատասենյակ տանող հատուկ անցուղիով»:

«Ազգ»-ը ենթադրում է. - «Հավանաբար արդեն հաջորդ քառօրյային մեծամասնությունը կընտրի «ԱԺ հեղինակությունը բարձրացնող» նոր նախագահին, միայն թե երեկ նա, խոսքը, հասկանալի է, Հովիկ Աբրահամյանի մասին է, դեռ Ազգային ժողով չէր եկել»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Նորաթուխ պատգամավոր Հովիկ Աբրահամյանը դեռ ԱԺ չի եկել: Ասում են, թե նա մտադիր է ԱԺ մտնել ԱԺ նախագահի կարգավիճակով, չի ուզում նստել շարքային պատգամավորի աթոռին»: «ԱԺ չգալով` ի՞նչ օրինակ է ծառայում ապագա նախագահը եւ ինչպե՞ս է աշխատանքային այսօրինակ կարգապահությամբ բարձրացնելու պառլամենտի արդյունավետությունը», - տարակուսում է թերթը:

«Վճռաբեկ դատարանի աշխատաոճը կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում. այս մասին բացեիբաց հայտարարվեց հանրապետության դատախազության կոլեգիայի օգոստոսի 6-ի նիստում», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը:


Հրաչ Մելքումյան