Արմեն Սարգսյանը նշանակվել է Չինաստանում Հայաստանի դեսպան

Նախագահ Սերժ Սարգսյանը անցած շաբաթավերջին հրամանագիր է ստորագրել Արմեն Սարգսյանին Չինաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից տրամադրել են նորանշանակ դեսպանի կենսագրական տվյալները:

Արմեն Սարգսյանը ծնվել է 1958 թվականին Կիրովականում (Վանաձոր): Ավարտել է Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, Երեւանի պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետը, Ջորջ Մարշալի անվան անվտանգության հարցերի հետազոտությունների Եվրոպական կենտրոնի Ռազմավարական հետազոտությունների եւ պաշտպանական տնտեսության քոլեջը (Գերմանիա), մասնակցել է Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) Սեւծովյան անվտանգության ուսումնական ծրագրին:

1982 թվականից ծառայել է Խորհրդային Միության, իսկ 1991 թվականից` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

1994 թվականից Հայաստանի պաշտպանության նախարարության արտաքին կապերի եւ միջազգային ռազմական համագործակցության վարչությունում հաջորդաբար զբաղեցրել է բաժնի վարիչի տեղակալի, բաժնի վարիչի, վարչության պետի տեղակալի պաշտոնները: 1998-1999 թվականներին զբաղեցրել է պաշտպանության նախարարության արտաքին կապերի եւ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետի պաշտոնը:

1999-2002 թվականներին եղել է Չինաստանում Հայաստանի ռազմական կցորդը:

2002-2008 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ-ում Հայաստանի պաշտպանության հարցերով կցորդի, ռազմական, ռազմածովային եւ ռազմաօդային կցորդի պաշտոնը:

Արմեն Սարգսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն է: