Օմբուդսմենը «Մարտի 1»-ի խորհրդարանական հանձնաժողովին կոչ է անում ուսումնասիրել հասարակական հանձնախմբի ֆիլմը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը 1-2-ի դեպքերն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի ուշադրությունն է հրավիրել նույն դեպքերն ուսումնասիրող հասարակական հանձնախմբի կողմից երկու օր առաջ շրջանառության մեջ դրված ֆիլմի վրա:

«Ֆիլմի բովանդակությունը եւ դրանում տեղ գտած կադրերն ու տեսարանները լուրջ մտահոգություն են առաջացնում, ինչի հետ կապված Պաշտպանը կոչ է անում մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին ուսումնասիրել ֆիլմում ներկայացված դեպքերն ու իրադարձությունները` մարտի 1-2-ի դեպքերի լրիվ, համակողմանի եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով, անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել ֆիլմը համապատասխան փորձաքննության ենթարկելու ուղղությամբ` դրանում տեղ գտած կադրերի ու տեսարանների իրական եւ չմոնտաժված լինելու հարցը պարզելու նպատակով», - ասված է օմբուդսմենի հայտարարությունում, որը տարածել է նրա գրասենյակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Արմեն Հարությունյանը անհետաձգելի ու չափազանց կարեւոր է համարում տեսանյութում ներկայացված ուժային կառույցների ներկայացուցիչների «առանձնակի դաժան եւ ոչ իրավաչափ գործողությունների առնչությամբ անցկացնել համապատասխան քննություն` ապօրինի գործողություններ կատարելու հրամաններ տված եւ այդպիսիք անմիջականորեն իրականացրած անձանց պարզելու եւ պատասխանատվության ենթարկելու համար»: