Արա Գոչունյան. «Թուրք հասարակությունը առավելապես դրական է տրամադրված Գյուլի Երեւան այցի հարցում»

Ի տարբերություն Թուրքիայի քաղաքական ընդդիմության` թուրք հասարակությունը հավասարակշռված դիրքորոշում ունի երկրի նախագահ Աբդուլա Գյուլի Երեւան նախատեսվող այցի վերաբերյալ, եւ հանրության շրջանում այս օրերին որեւէ լարվածություն չի նկատվում: «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում այդ մասին ասաց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը:

Ավելին, ըստ նրա, թուրք հասարակությունը առավելապես դրական է տրամադրված, ինչի վկայությունը թուրքական տարբեր
լրատվամիջոցների անցկացրած հարցումների արդյունքներն են:

«Շատ բալանսավորված մոտեցում կա: Միշտ էլ այս այցելության գաղափարը, մտադրությունը ողջունողները, Երեւան Թուրքիայի նախագահի այցելությանը կողմ արտահայտվողները զգալի համեմատություն են կազմում», - նշեց Գոչունյանը:

«Ժամանակ» թերթի խմբագիրը տեղեկացրեց նաեւ, որ այս օրերին թուրքական լրատվամիջոցներով, հատկապես հեռուստատեսությամբ քիչ են հնչում հակահայ ելույթներ, գերակշռում են բազմակողմանի մեկնաբանությունները: Որպես օրինակ` Գոչունյանը մատնանշեց, որ երեկ ինքը NTV հեռուստաընկերության ուղիղ եթերում 20 րոպե խոսել է, եւ դա այս շրջանում եզակի դեպք է, երբ թուրքահայ թերթի խմբագիրը հրապարակավ իր կարծիքն է հայտնում հայ - թուրքական հարաբերությունների մասին:

«Այս հանգրվանին թուրքական հեղինակավոր հեռուստակայաններից մեկում թուրքահայ թերթի խմբագրի տեսակետ շոշափելը իրենց վերաբերմունքի կառուցողականության ազդանշան է», - ասաց Արա Գոչունյանը` հավելելով. - «Պետք է ասել, որ բավականին պրագմատիկ մոտեցում կա. ընդդիմադիր դաշտի կուսակցությունները որոշ աղմուկ բարձրացնում են` ընդդիմանալով նախագահի Երեւան այցին, բայց երեւի պետք է դա այնպես ընկալենք, որ իրենք էլ իրենց դերակատարության մեջ են այդ իմաստով: Բայց ընդհանրապես, հանրային կարծիքը, երկրի բոլոր առաջատար թերթերը, մեկնաբանները դրական են ընկալում Գյուլի Երեւան գալու երեւույթը` հույս հայտնելով, որ ինչ-որ դուռ պիտի բացվի երկու երկրների հարաբերություններում»:

Հարցին` արդյոք հնչո՞ւմ են այս օրերին Թուրքիայում հանրահավաքներ, ցույցեր, բողոքի ակցիաներ անցկացնելու կոչեր, «Ժամանակ»-ի խմբագիրը պատասխանեց, որ «այս պահին որեւէ կոչ կամ հայտարարություն այդ մասին չկա»:

«Դե, իրադարձությունները Երեւանում են, բոլորի ուշադրությունը Երեւանին է ուղղված: Ստամբուլում կամ այլ քաղաքներում այդպիսի բաներ անելը ռացիոնալ չի լինի: Չգիտեմ, լուսանցքի վրա մնացած խմբեր եթե վերջին պահին ինչ-որ բան նախաձեռնեն` ինչ կլինի, բայց այս պահին հայտարարված, նախատեսված որեւէ կոնկրետ բան չկա», - ասաց Արա Գոչունյանը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա