Վերանորոգվում է Գյումրի - Կարս երկաթգծի հայկական հատվածը

Մի քանի օր է, ինչ սկսվել են Գյումրի - Կարս երկաթգծի 12 կիլոմետրանոց հատվածի վերանորոգման աշխատանքները` կապված սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպման հետ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Գյումրի» երկաթուղային կայարանի փոխտնօրեն Վալերի Մուրադյանը ասաց, որ աշխատանքները պետք է ավարտված լինեն սեպտեմբերի 5-ին:

Աշխարհի առաջնության ընտրական փուլում երկու երկրների հավաքականների հանդիպումը կարող է առիթ հանդիսանալ, որ 15 տարվա ընդմիջումից հետո վերագործարկվի Գյումրի - Կարս երկաթգիծը: Պաշտոնապես, սակայն, երկաթգծի հնարավոր վերագործարկման մասին որեւէ հայտարարություն չի եղել:

«Գիծը մինչեւ Ախուրյան կայարանը աշխատել է», - պարզաբանեց Մուրադյանը: - «Այսօր, քանի որ հնարավոր է պահանջները ավելանան, դրա համար, կարելի է ասել, կապիտալ վերանորոգում է գնում»:

Վերանորոգվող 12 կիլոմետրանոց հատվածի 3 կիլոմետրը Ախուրիկից մինչեւ թուրքական առաջին կայարանն ընկած հատվածն է:

Հարցին, թե արդյոք թուրքական կողմից էլ վերանորոգման աշխատանքներ են կատարվում, Վալերի Մուրադյանը պատասխանեց. - «Կարող է կատարվում է: Մենք առայժմ որեւէ տեղեկություն չունենք: Հնարավոր է նաեւ, որ իրենց գիծը նորմալ լինի»:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի