10 մարզերի պատանիները ներկայացրին իրենց ավանդույթներն ու մոռացված ուտեստները

Ամեն մարզից եկել էր 510 պատանի եւ բերել իրենց տատիկների բաղադրատոմսերով, բայց իրենց ձեռքերով պատրաստած ուտեստներ, որոնց անուններն անգամ շատերին ծանոթ չէին` չանախ ու թարխանա, ալագյոզով ապուր, կանեփով տոլմա:

«Բոլոր մարզերում հիմնադրել ենք ակումբներ, որոնց անդամակցում են շուրջ 2000 պատանիներ, պարբերաբար կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ: Պատանիները այս միջոցառմանը պատրաստվել են 7 ամիս` շրջելով գյուղի տներով, խորհուրդներ հարցնելով եւ տատիկների բաղադրատոմսերը գրելով», - ասաց Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի պատանեկան ծրագրերի մասնագետ Աննա Կարապետյանը:

Ծրագրին աջակցում է նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը:

«Այս ծրագրում ներառված ակումբներից շատերը գտնվում են սահմանամերձ շրջաններում, եւ սա շատ լավ առիթ է Երեւան գալու, մյուս մարզեր այցելելու, մշտապես կապի մեջ լինելու համար: Այս ամենի շնորհիվ աճող սերունդը իր համար բացահայտեց ավանդույթներ, որոնք մոռացված էին նույնիսկ ծնողների կողմից», - ասաց Հայաստանում Միացյալ Նահագների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը:

Այսօր կայացավ նաեւ «Ավանդական ուտեստներ» անվանումը կրող գրքի շնորհանդեսը, որտեղ ամեն մի մարզի պատանեկան ակումբ ներկայացրել է երեք ուտեստ:


Լիանա Մնացականյան