Հակոբ Հակոբյան. - «Ուրախ եմ, որ երկար ապրեցի»

Ժամանակակից հայ լավագույն գեղանկարիչներից մեկը` Հակոբ Հակոբյանը, ով վերջերս է բոլորել ծննդյան 85-ամյակը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ շարունակում է աշխատել եւ ուրախ է, որ երկար է ապրել:

«Որովհետեւ մարդը, երբ երկար է ապրում, կարողանում իր մեջ եղած շատ բաները հայտնաբերել: Եթե շուտ է գնում, ուրեմն իր հետ է տանում», - բացատրեց նա: - «Ես ուրախ եմ, որ երկար ապրեցի եւ արեցի գործեր ինձ համար, որոնք կարող է չանել, եթե հինգ տարի պակաս ապրած լինեի կամ տասը տարի պակաս»:

Հոկտեմբերին բացվելիք ցուցահանդեսը, նկարչի խոսքով, հոբելյանի հետ կապ չունի. - «Ընդհանրապես ցուցահանդեսներս որեւէ բանի հետ չեմ կապում: 4-5 տարին մեկ, երբ որոշ չափով գործեր լինում են, անում եմ [ցուցահանդես] , ներկայանում եմ, որ մարդիկ իմանան»:

Վարպետը քաղաքականությամբ չի սիրում զբաղվել: «Վերջին 20 տարիներին, եթե մի լավ պատահել է, դա այն է, որ մենք ազատվել ենք սովետական բռնատիրությունից, որ ամենադաժան, ամենաանմարդկային ռեժիմն է», - այդուհանդերձ, ասաց նա: - «Բայց չենք կարող ասել, թե այս քսան տարվա ընթացքում որեւէ լավ բան արվում է... Երկիրը որոշ մարդկանց ձեռքը անցավ: Ինքնաբերաբար այդպես ստացվեց, նրանք էլ ապրում են` այդ հնարավորություններից օգտվելով»:

Մերօրյա հայ մշակույթն ու արվեստը, Հակոբ Հակոբյանի բնորոշմամբ` մեր իրականության արտահայտությունն է. - «Կարող ենք ասել, որ խառնաշփոթ մի ժամանակ է մեր արվեստի մեջ: Նոր չպետք է ապացուցենք, որ շնորհքով, արվեստասեր ժողովուրդ ենք, բայց ժողովուրդ եւ արվեստագետ կապը այն է, որ եթե ժողովուրդը բարեկեցիկ վիճակի մեջ է... Չի կարող ազատ պետություն ստեղծվել, եթե անհատներն իրենք ազատ չեն: Իսկ անհատը չի կարող իրեն ազատ զգալ, եթե ինքը իր կյանքը չի կարող շահել, եթե չունի աշխատանք... Եթե իր կյանքը շահում է իր ճակատի քրտինքով` նոր ինքը ազատ մարդ է, նոր իր քվեն, իր խոսքը արժեք ունեն»:


Գայանե Դանիելյան