Ռուսաստանի նախագահը ստորագրեց հրադադարի համաձայնագիրը

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շաբաթ օրը ստորագրել է հրադադարի համաձայնագիրը, որը ուրբաթ օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ հանդիպման արդյունքում ստորագրել էր նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Այդ մասին տեղեկացնում է CNN-ը:

Փաստաթղթի ստորագրումից հետո թղթակիցների հետ զրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է նշել Վրաստանի տարածքից Ռուսաստանի զորքերի դուրսբերման կոնկրետ ժամկետներ` ասելով, թե զորքերի դուրսբերումը կսկսվի անվտանգության հավելյալ միջոցառումների իրականացումից հետո:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը երեկ Թբիլիսիում հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է անհապաղ դուրս բերի զորքերը Վրաստանի տարածքից:

Վրաստանում ստեղծված իրադրության առնչությամբ երեկ նոր հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը` Ռուսաստանի ռազմական գործողությունները Վրաստանի տարածքում որակելով «լրիվ անընդունելի»:

Իր ուղերձում Բուշը Ռուսաստանին կոչ է արել «գործել եւ վերջ տալ այս ճգնաժամին` Միացյալ Նահանգների, Եվրոպայի ու այլ պետությունների հետ իր վնասված հարաբերությունները եւ աշխարհում իր տեղը վերականգնելու համար»: