Դաշնակցության բյուրո. «Մեր անմիջական հարեւանությամբ կատարվածը նոր մարտահրավերներ է ստեղծում»

Ուժի կիրառմամբ ազգամիջյան հարցերը լուծելու 90-ականների փուլը ավարտված է, եւ Հարավային Կովկասում վերջին շաբաթվա իրադարձությունները ավելորդ անգամ ապացուցեցին այդպիսի գործելակերպի անհեռանկարայնությունն ու ողբերգականությունը։ Այդ մասին ասված է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի այսօրվա հայտարարությունում:

«Այսօրվա գերխնդիրն է նման իրավիճակների բացառումը ապագայում», - հայտարարում է Դաշնակցության բյուրոն:

«Փաստացի պատերազմը՝ ողբերգական հետեւանքներով, միջազգային լարվածությունը եւ հնարավոր զարգացումները պարզում են նոր իրողություններ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր տարածաշրջանի հեռանկարին եւ չեն կարող չմտահոգել Հայաստանն ու հայությունը։ Մեր անմիջական հարեւանությամբ կատարվածը ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական առումով նոր մարտահրավերներ է ստեղծում», - ասված է հայտարարությունում: - «Մի կողմից պետք է գիտակցել` Վրաստանը մեր անմիջական հարեւանն է, որի կայունությունը եւ բնականոն զարգացումը բացառիկ կարեւոր է մեզ համար, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է եւ դերակատարություն ունի Կովկասում, մյուս կողմից ակնհայտ է՝ տարածաշրջանին չի կարող ձեռնտու լինել Եվրամիություն-Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների բախումնային սրումը»։

Դաշնակցության համար կացությունը երեք առումով է գերկարեւոր. - «Առաջինը՝ Արցախի ժողովրդի՝ սեփական կամքով իր ճակատագրի տնօրինման իրավունքի ամրապնդման խնդիրն է։ Վերջին դեպքերը ակնհայտորեն ցույց տվեցին, որ բռնի ուժով խնդիրը լուծելու ադրբեջանական նկրտումները ոչ միայն անհեռանկար են, այլեւ տարածաշրջանը էլ ավելի անկանխատեսելի ցնցումների են տանելու։ Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինել։ Մենք պարտավոր ենք կարգավորման բանակցություններում առավել հստակ ու ամբողջական պաշտպանել մեր ազգային-պետական շահերը եւ պահանջել, որ կողմերը առաջին հերթին ուժի կիրառումը բացառող իրավական փաստաթուղթ ստորագրեն։ Երկրորդը՝ վրացահայության եւ հատկապես հայաբնակ Ջավախքի անվտանգության, իբրեւ ազգային փոքրամասնության իրավունքների պաշտպանության եւ ինքնավարության խնդիրն է։ Այստեղ մենք անտարբեր չենք կարող լինել եւ ուզում ենք հավատալ, որ Վրաստանը ամենայն պատասխանատվությամբ, միջազգային իրավունքի գերակա սկզբունքներով կառաջնորդվի այս հարցում։ Հաջորդը՝ երկրի կայունության եւ ներպետական-ներազգային հիմնարար խնդիրներում առավելագույն միասնականության անհրաժեշտության գիտակցումն է»։

Դաշնակցության բյուրոն հույս է հայտնում, որ հակամարտող կողմերը եւ միջազգային հանրությունը տարածաշրջանը խաղաղեցնելու եւ առկա խնդիրները քաղաքակիրթ ճանապարհով կարգավորելու ուղիներ կգտնեն։ Ընդգծելով, որ այդ ջանքերին կարող է ու պետք է միանա նաեւ Հայաստանը, կուսակցությունը պատրաստակամություն է հայտնում ջանքեր ներդնել, որ «ի վերջո Հարավային Կովկասում լիարժեք համագործակցության ու զարգացման հիմքեր ստեղծվեն, եւ հարեւան ժողովուրդները համերաշխ ապրելու հնարավորություն ունենան»։