Ջորջ Բուշը միանշանակ աջակցություն է հայտնում Վրաստանի ղեկավարությանը

Մի քանի օրից ամերիկացի զինվորականները Վրաստանում են լինելու: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը` երեկ երեկոյան դիմելով Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողներին:

«Ես հանձնարարել եմ պաշտպանության նախարարա Բոբ Գեյթսին` Վրաստանի ժովովրդին աջակցելու նպատակով մարդասիրական գործողություն սկսել, որը կգլխավորեն Միացյալ Նահանգների զինված ուժերը: Սա վճռական եւ շարունակական գործողություն է լինելու, որին մասնակցելու են ինչպես ռազմաօդային, այնպես էլ ռազմածովային ուժերը», - տեղեկացրել է Բուշը:

Երեկվա ելույթում նա միանշանակ աջակցություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանը` հայտարարելով, թե առաջիկա օրերին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը ժամանելու է Թբիլիսի. - «Մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկում, որոնք պետք է վկայեն Վրաստանի ժողովրդի հետ մեր համերաշխության մասին, ինչպես նաեւ նպաստեն այս հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ես հանձնարարել եմ պետքարտուղար Ռայսին նախ մեկնել Ֆրանսիա եւ ստեղծված իրավիճակը քննարկել Նիկոլա Սարկոզիի հետ: Ռայսը կմեկնի նաեւ Թբիլիսի` մեր միանշանակ աջակցությունը հայտնելով Վրաստանի դեմոկրատական կառավարությանը»:

ԱՄՆ-ի ղեկավարը նաեւ շեշտել է, որ ձեռնարկված վերջին գործողություններով Ռուսաստանը հարվածի տակ է դնում Միացյալ Նահանգների եւ ողջ արեւմտյան աշխարհի հետ հարաբերությունների հեռանկարը. - «Ռուսական կողմի այս գործողությունները լուրջ հարցերի տեղիք են տալիս, նախեւառաջ, այդ երկրի մտադրությունների մասին` թե’ Վրաստանում եւ թե’ ողջ տարածաշրջանում»:

«Վերջին տարիներին Ռուսաստանը ցանկություն էր հայտնում ինտեգրվել 21-րդ դարի տնտեսական, քաղաքական, դիվանագիտական եւ անվտանգության համակարգերին: Միացյալ Նահանգները սատարում էր Ռուսաստանի գործադրած այդ ջանքերին: Այժմ, սակայն, Ռուսաստանն իր գործողություններով վտանգել է այդ ձգտումների իրագործումը: Ռուսաստանի ձեռնարկած վերջին գործողությունները չեն համապատասխանում այն սկզբունքներին, որոնց հավատարիմ են այդ միջազգային կառույցները: Ռուսաստանը պետք է հավատարիմ մնա տրված խոստմանն ու վերջ տա այս ճգնաժամին», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա