Համաժողովրդական շարժման կենտրոն. «Վարչախումբը դիմում է մանր ու ցածրորակ խորամանկությունների»

Oգոստոսի 13-20-ը Ազատության հրապարակում կամ Մատենադարանի մոտ հրապարակային զանգվածային միջոցառում անցկացնելու մասին Համաժողովրդական շարժման 8 իրազեկումներից Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել մեկը՝ օգոստոսի 13-ի համար, ընդ որում` քաղաքապետարանի պատասխանը շարժման գրասենյակ է հասել երեկ։

«Միակ հանրահավաքը թույլատրվել է այն օրվա համար եւ այն հաշվարկով, որ նախապատրաստվելու համար գործնականում այլեւս ժամանակ չմնա, մինչդեռ հաջորդ օրերի համար հայտերը մերժվել են նույն՝ հանելուկային «անկարգությունների» մասին Ազգային անվտանգության ծառայության «տեղեկությունների» հիման վրա», - ասված է Համաժողովրդական շարժման կենտրոնի տարածած հայտարարությունում:

Պնդելով, թե «վարչախումբը հերթական անգամ ցույց է տալիս, որ իրեն այլ միջոց չի մնացել շարժման դեմ պայքարում, քան մանր ու ցածրորակ խորամանկությունները», Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման կենտրոնը վստահեցնում է, որ «շարունակելով հանդերձ իրազեկել քաղաքապետարանին զանգվածային հրապարակային միջոցառումների մասին, իր հանրահավաքներն ու երթերն անցկացնելու է իրեն հարմար օրերին եւ վայրում՝ օգտվելով Սահմանադրության ուժով իրեն վերապահված հիմնարար իրավունքներից եւ ազատություններից»։