Վրաց ուսանողների նախատեսած հերթական բողոքի ակցիան Երեւանում չկայացավ

Անցած շաբաթ եւ կիրակի օրերին Հայաստանում սովորող մի խումբ վրացի ուսանողներ բողոքի ակցիա են անցկացրել Երեւանում: Այսօր եւս նրանք նախատեսել էին ակցիա Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ, սակայն այն տեղի չունեցավ:

«Կոնկրետ չեմ կարող ասել, թե ով է մեզ արգելում, բայց մեզ մեր ծանոթների միջոցով փոխանցել են, որ լավ կլինի` կանգ առնենք, քանի որ այդ ամենը կարող է մեզ համար վատ ավարտ ունենալ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց վրաց ուսանողներից Ջաբա Ֆուտկարաձեն:

«Մեր գլխավոր նպատակն այն է, որ թե’ ռուսներին եւ թե’ աշխարհին ասենք, որ ուզում ենք` այս պատերազմը վերջանա: Մեր մյուս նպատակն այն է, որ մարդիկ այստեղ` Երեւանում, ճիշտ կարծիք կազմեն այս ամենի մասին: Մենք ուզում ենք հայերին տեղեկացնել, թե ինչ է իրականում կատարվում Վրաստանում, քանի որ այստեղ մարդիկ լրատվություն են ստանում միայն ռուսական լրատվամիջոցներից», - ասաց վրաց ուսանողը:

Ֆուտկարաձեն վստահեցրեց, որ բողոքի ակցիաները դադարեցնելու որոշումը վերջնական չէ:


Լիլիթ Հարությունյան