Վահան Հովհաննիսյան. «Վրաց - օսական հակամարտության ազդեցությունը Հայաստանի վրա արդեն իսկ առկա է»

Վրաց - հարավօսական հակամարտության ազդեցությունը Հայաստանի վրա արդեն իսկ առկա է, քանի որ գործ ունենք տարածաշրջանային ապակայունացման հետ: Նման կարծիք հայտնեց Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ:

«Լուրջ ապակայունացման հետ` մի երկրի ներգրավվածությամբ, որով անցնում են մեր հիմնական կոմունիկացիոն միջանցքները: Այսինքն` ե’ւ երկաթգիծը, ե’ւ էներգետիկ համակարգի հետ կապված ինֆրաստրուկտուրան Վրաստանի տարածքի հետ են կապված», - ընդգծեց Վահան Հովհաննիսյանը: - «Այս առումով, անշուշտ, տարածաշրջանային այս խլրտումը, անհանգստությունը իր բացասական հետեւանքները կունենա»:

Ինչ վերաբերում է նրան, թե կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը նման սցենար կիրառել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ապա, ըստ Դաշնակցության բյուրոյի անդամի, «եթե Ադրբեջանը ընդունակ լիներ անել նույնը` վաղուց էր արել». - «Ես կարծում եմ, որ Ղարաբաղի դարպասը առնվազն այս փուլում ամուր փակ է, եւ որեւէ ագրեսիայի նկատմամբ հակահարվածը կլինի, պետությունը կասեր` համաչափ, իսկ ես կարող եմ ասել` մի քիչ ավելի, քան համաչափ»:

Անդրադառնալով Մոսկվայում օգոստոսի 1-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքն է որոշելու իր ճակատագիրը, եւ որ տարածքները պետք է հանձնվեն, Վահան Հովհաննիսյանը ողջունելի համարեց հայտարարության առաջին մասը, իսկ երկրորդի մասով ասաց. - «Հասկանալի է, որ նա չէր կարող ուղղակի անել այդ հայտարարությունը` որեւէ առնվազն բարոյական գոհունակության նշան Ադրբեջանին ցույց չտալով: Նա պետք է անպայման ասեր նաեւ այդ 7 շրջանների հարցը: Ամբողջ խնդիրն այն է, թե ե՞րբ, ո՞ր մեխանիզմով եւ ո՞ր տարածքի վրա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կորոշի իր ճակատագիրը»:

Ջավախքում վերջերս նկատվող լարվածության առնչությամբ դաշնակցականները մտահոգ են, որ «այնտեղ գործողություններ եւ չպատճառաբանված ակտիվություն կարող են դրսեւորել ուղղակի այլ ուժերի ազդեցության ագենտներ` ներքաշելու համար ջավախահայությունը տվյալ պահին մեզ բացարձակապես ոչ պետքական առճակատման մեջ»:

Հայաստանյան ներքաղաքական զարգացումների հետ կապված` Վահան Հովհաննիսյանը հասարակության շրջանում սպասում է նկատում. - «Բոլորը սպասում են իշխանության կողմից լուրջ, խորքային բարեփոխումների` խորքային բարեփոխումներ, որոնք խոստացված են նախընտրական պլատֆորմում նախագահի, ամրագրված են կոալիցիոն համաձայնագրով, որոնց մասին խոսում են մեր պաշտոնյաները, այդ թվում նաեւ վարչապետը, եւ տեսնելով այս բարեփոխումների սկիզբը` այնուամենայնիվ, արդյունքների ենք սպասում: Եվ ես կարծում եմ, որ այդ արդյունքները պետք է երեւան մինչեւ տարեվերջ»:

Այսօրվա իշխանություններից դժգոհողներին Վահան Հովհաննիսյանը բաժանում է երկու մասի` օբյեկտիվ եւ սուբյեկտիվ: Մեծ մասին նա համարում է օբյեկտիվ դժգոհողներ. - «Բայց մինչեւ հիմա այդ մարդկանց դժգոհությունը կարողանում է օգտագործել իր շահերի համար մի այլ դժգոհ տարր` սուբյեկտիվ դժգոհները. սա ՀՀՇ-ն, իր առաջնորդը եւ իրենց արբանյակներն են: Սրանց դժգոհությունը օբյեկտիվ բնույթի չէ, որովհետեւ երկրի կյանքի հետ չի կապված, կապված է այն հանգամանքի հետ, որ նրանք իշխանությունը կորցրել են եւ շանս են որոնում այդ իշխանությունը վերադարձնելու: Սրանց դժգոհությունը կարելի է բավարարել միայն մի ձեւով` նրանց իշխանություն տալով, որը անթույլատրելի եւ կործանարար եմ համարում Հայաստանի համար»:

Իշխանությունը պետք է աշխատի օբյեկտիվ դժգոհությունները պակասեցնելու ուղղությամբ` գտնում է Վահան Հովհաննիսյանը եւ չի բացառում, որ Դաշնակցությունը երբեւէ կարող է հայտնվել օբյեկտիվ դժգոհող ընդդիմության դերում:

«Մենք շատ լուրջ ենք ընդունել կոալիցիոն համաձայնագիրը, եւ եթե մենք տեսնենք, որ այն չի կատարվում, չի իրագործվում, մենք, բնականաբար, մեր ինքնուրույն ճանապարհը կընտրենք», - վստահեցրեց Դաշնակցության բյուրոյի անդամը:


Հովհաննես Շողիկյան