Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Բարսեղովի մահվան կապակցությամբ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ճանաչված իրավաբան եւ դիվանագետ Յուրի Բարսեղովի մահվան կապակցությամբ:

«Յուրի Բարսեղովը միջազգային համարում ունեցող այն գիտնականներից էր, ով տեսնում էր անցյալի անվերապահ ազդեցությունն ապագայի աշխարհակարգի վրա, ում անուրանալի նվիրումը վերածվել էր ապրելակերպի, իսկ կյանքը` հայրենասիրութ-յան եւ պատմական արդարության վերականգնման համար պայքարի յուրօրինակ տարերության», - ասված է, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հեռագրում, որը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից: - «Նշանակալի է մեծանուն հայորդու ներդրումը Հայոց ցեղասպանության իրավաքաղաքական հիմնախնդիրների ուսումնասիրության եւ միջազգային իրավական գնահատական տալու գործում: Գնահատելի են նրա ջանքերը նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ»:

Յուրի Բարսեղովը վախճանվել է Մոսկվայում օգոստոսի 6-ին, կյանքի 84-րդ տարում:

Նա Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ճանաչված հետազոտող էր, տեւական ժամանակ աշխատել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում եւ ՄԱԿ-ում, ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միջազգային իրավունքի հարցերով հանձնաժողովում: Հեղինակել է 300-ից ավելի գիտական աշխատություն, որոնք հրապարակվել են Ռուսաստանում, Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում եւ այլ երկրներում:

Յուրի Բարսեղովի առավել հայտնի աշխատություններից են` «Հայոց ցեղասպանություն. հանցագործություն ըստ միջազգային իրավունքի», «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը եւ միջազգային հանրության պարտավորությունները: Փաստաթղթեր եւ մեկնաբանություններ»: