Աբդուլա Գյուլ. «Երկրները պետք է հարգեն այլոց տարածքային ամբողջականությունը»

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երեկ հայտարարել է, որ Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ եւ ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել հարեւան բոլոր երկրների հետ:

«Տարածաշրջանի պետությունները պետք է աջակցեն այն ծրագրերին, որոնք խթանում են բարիդրացիական հարաբերությունները եւ նպաստում են խաղաղության հաստատմանը», - «Զաման» օրաթերթի վկայությամբ` Կարսի նահանգ կատարած այցի ընթացքում երեկ ասել է Գյուլը եւ հավելել. - «Երկրները, որոնք ցանկանում են մասնակցել ծրագրերին, պետք է հարգեն այլոց տարածքային ամբողջականությունը»:

«Զաման»-ը նշում է, որ Թուրքիան դատապարտել է Հայաստանին Լեռնային Ղարաբաղը «գրավելու» համար եւ ի նշան բողոքի 1993 թվականին փակել է սահմանը Հայաստանի հետ:

Թերթի մեկնաբան Սուլեյման Քուրտի համոզմամբ, տարածքային ամբողջականության մասին Գյուլի երեկվա հայտարարությունը վկայում է, որ չնայած վերջին շրջանում նկատվող որոշակի ջերմացմանը` Թուրքիան մտադիր չէ վերանայել Հայաստանի հանդեպ որդեգրած քաղաքականությունը, քանի դեռ պաշտոնական Երեւանը չի նահանջում Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճում:

Պաշտոնական Անկարան հավաստիացնում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը կախված է նրանից, թե արդյոք Հայաստանը պաշտոնապես կճանաչի՞ հայ - թուրքական ներկայիս սահմանները եւ կհրաժարվի՞ Օսմանյան կայսրության դարաշրջանում հայերի ցեղասպանության համաշխարհային ճանաչմանն ուղղած իր քաղաքականությունից:

«Զաման»-ը նշում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու կոչ է արել եւ Աբդուլա Գյուլին հրավիրել է Երեւան՝ սեպտեմբերի 6-ին միասին դիտելու ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների հանդիպումը:

Բացի այդ, թերթի փոխանցմամբ, արտգործնախարար Ալի Բաբաջանն անցած շաբաթ հայտնել է, որ այս ամիս ավելի վաղ հայ եւ թուրք դիվանագետները բանակցել են Շվեյցարիայում: Բաբաջանը միաժամանակ ընդգծել է, թե այդ հանդիպումը չի կարելի ընկալել որպես պաշտոնական Անկարայի վարած քաղաքականության փոփոխություն:

«Զաման»-ի վկայությամբ` «իբրեւ Հայաստանի հետ հաշտության նշան, Աբդուլա Գյուլը երեկ այցելել է Կարսի գավառում, Հայաստանի հետ սահմանին գտնվող` այժմ չբնակեցված հայկական միջնադարյան Անի քաղաքը»:

Այսօր Գյուլը Կարսում մասնակցում է Հայաստանի տարածքը շրջանցող Ադրբեջան - Վրաստան - Թուրքիա երկաթուղու հիմնարկեքին, որին ներկա են նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Միխեիլ Սահակաշվիլին եւ Իլհամ Ալիեւը:

Երկաթուղու վրացական հատվածի կառուցումը մեկնարկել է 2007 թվականի նոյեմբերին եւ, ենթադրաբար, շահագործման կհանձնվի 2011 թվականին: Ամբողջ ծրագրի ընդհանուր արժեքը 450 միլիոն դոլար է: Մասնագետները վստահեցնում են, որ Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգիծը շահագործման միայն առաջին տարվա ընթացքում կապահովի 6,5 միլիոն տոննա բեռի եւ 1,5 միլիոն ուղեւորի փոխադրում:


Արմեն Քոլոյան, Պրահա