Արարատ Զուրաբյանը տեղափոխվել է հիվանդանոց

Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը երեկ «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «քաղաքացիական բժշկական հաստատություն` հետազոտման»:

Հայաստանի գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը նույն օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց, որ Զուրաբյանը «հուլիսի սկզբներից գանգատվել է ուժեղ գլխացավերից, օդի անբավարարությունից, սրտի շրջանում սեղմող ցավերից, եւ գտնվել է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության ներքո»:

«Այսօր ներկայացված բժշկական տեղեկանքի համաձայն, նրա մոտ ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն, եւ այսօր նա տեղափոխվել է Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ` հետազոտության նպատակով», - հավելեց Տռուզյանը:

Հայոց համազգային շարժման վարչության նախագահը կալանավորվել է մարտի 10-ին` «պետական իշխանությունը յուրացնելու» մեղադրանքով:


Ռուզաննա Ստեփանյան