Արման Բաբաջանյանի վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը մերժվեց

Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցերով անկախ հանձնաժողովը այսօր մերժեց «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը:

Բաբաջանյանը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար, եւ վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով նրա նախորդ երկու դիմումները եւս մերժվել էին:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհու Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ բողոքարկելու են հանձնաժողովի որոշումը. - «Կա Սահմանադրական դատարանի որոշում, որ այս հանձնաժողովի որոշումները ենթակա են բողոքարկման դատական կարգով»:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների` հուլիսի 4-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը վերացրել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի ապրիլի 3-ի որոշումը, ըստ որի` Բաբաջանյանը դեռեւս ուներ սոցիալ-հոգեբանական աշխատանքների կարիք: Հետեւաբար, նրա հարցը ենթակա էր քննարկման անկախ հանձնաժողովի այսօրվա նիստում:

Արման Բաբաջանյանի հայրը` Շամիր Բաբաջանյանը հանձնաժողովի նիստի նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե իրենք տեղեկություն ունեն, որ որոշումը բացասական է լինելու. - «Չեմ կարող ասել` որտեղից է, ստույգ չեմ ասի` որտեղից է, բայց ունենք տեղեկություն այդպիսի»:

Իրենց հետագա քայլերի վերաբերյալ Շամիր Բաբաջանյանը հայտարարել է. - «Նորից պայքարելու ենք: Արդարությունը պետք է որ հաղթի»:

«Ժամանակ Երեւան» թերթի խմբագրին վաղաժամկետ ազատ արձակելու կոչով Հայաստանի իշխանություններին են դիմել տեղական եւ միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում` Human Rights Watch-ը, «Լրագրողների պաշտպանության կոմիտեն», հայաստանյան հասարակական եւ քաղաքական կազմակերպություններ: Օրերս նման կոչով են հանդես եկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, Ազգային ժողովում ներկայացված միակ ընդդիմադիր կուսակցությունը` «Ժառանգություն»-ը:

Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցերով անկախ հանձնաժողովի բոլոր անդամները նշանակված են հանրապետության նախագահի հրամանագրով:


Կարինե Քալանթարյան, Շաքե Ավոյան եւ Ռուբեն Մելոյան