Վրաց - ադրբեջանական ծեծկռտուք` Եկատերինբուրգում

Եկատերինբուրգում կենցաղային հողի վրա մի ադրբեջանցու եւ երկու վրացիների միջեւ տեղի ունեցած վիճաբանությունը ավարտվել է ծեծով եւ տեղի ադրբեջանցիների զանգվածային դժգոհության առիթ է դարձել:

Սվերդլովսկի շրջանի ներքին գործերի վարչության մամլո քարտուղար Վալերի Գորելիխի խոսքերով` երեկ քաղաքի բանջարեղենի պահեստի տարածքում դաժան ծեծի է ենթարկվել մի ադրբեջանցի. երկու վրացիներ մասնակցել են տեղացիներից մեկի ծննդյան օրվա տոնակատարությանը, որի ընթացքում էլ վեճի են բռնվել ադրբեջանցու հետ:

Day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ` վրացիները ադրբեջանցուն ծեծել են եւ նույնիսկ կծելով պոկել նրա ականջաբլթակը: Տուժողին փոխադրել են հիվանդանոց, սակայն նա հրաժարվել է դիմել ոստիկանություն:

Նույն օրը տուժողի հայրենակիցները եկել են պահեստ եւ պարզաբանումներ են պահանջել: Պահեստի ղեկավարները խոստացել են միջոցներ ձեռնարկել մեղավորներին բացահայտելու համար, սակայն խոստումը չեն կատարել:

Այսօր արդեն բանջարեղենի պահեստ է ժամանել շուրջ 200 զայրացած ադրբեջանցի: Պահեստի ղեկավարները դիմել են ոստիկանություն: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը եւ Եկատերինբուրգի ներքին գործերի վարչության պաշտոնյաները:

Day.az-ի փոխանցմամբ` տուժողի աջակիցների խումբը ցրվել է, եւ բախում տեղի չի ունեցել: Տուժողն առ այսօր ոստիկանություն չի դիմել, սակայն, անկախ այդ հանգամանքից` իրավապահները քրեական գործ են հարուցելու մարմնական ծանր վնասվածքներ պատճառելու հատկանիշներով:


Արմեն Քոլոյան, Պրահա