Հյուսիսային պողոտայում միջադեպ` արձակագիր եւ հրապարակախոս Վահրամ Սահակյանի մասնակցությամբ

Երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում: Այստեղ անցկացվող նստացույցի մասնակիցներին այցելել է արձակագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանը, ով զինված է եղել գազային ատրճանակով: Առաջացել է իրարանցում, որի արդյունքում ոստիկանները Սահակյանին բերման են ենթարկել` նստացույցի մասնակիցների խնդրանքով:

Միջադեպի ականատես` Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Գտնվել եմ Հյուսիսային պողոտայում եւ անմիջապես ատրճանակը, որը քաղաքացին վերցրել էր Վահրամ Սահակյանի ձեռքից, ես այն վերցրել եմ քաղաքացուց եւ փոխանցել եմ ոստիկաններին, որոնք հերթապահում էին Հյուսիսային պողոտայում, ինչպես նաեւ նրանց եմ հանձնել Վահրամ Սահակյանին»:

Նա դժվարացավ հայտնել, թե Սահակյանը ինչ է խոսել Հյուսիսային պողոտայում, ինչ գործողություն է կատարել. - «Այդ պահը ես չեմ նկատել»:

Արմեն Մարտիրոսյանը հաստատեց, որ ատրճանակը գազային էր, եւ Վահրամ Սահակյանը ուներ այն կրելու թույլտվություն:

«Ճիշտն ասած, չեմ կարող ասել [թե ինչու էր բերել ատրճանակը]: Վահրամ Սահակյանը գտնվում էր ոչ սթափ վիճակում, եւ թե ինչն էր նրան դրդել այդ քայլը կատարելու` չեմ կարող ասել», - նշեց պատգամավորը:

Արմեն Մարտիրոսյանը, ով մինչեւ ուշ երեկո գտնվել է ոստիկանությունում` որպես վկա ներկայացնելու այն ամենը, ինչ տեսել է, տեղյակ չէ, թե որտեղ է Վահրամ Սահակյանը. - «Իմ այդ պահին եղած տեղեկությունով, նրան պետք է նարկոլոգիական դիսպանսեր ուղարկեին` իր վիճակը գնահատելու համար»:

Պատգամավորը դժվարացավ նաեւ ասել` արդյոք միջադեպի արդյունքում տուժողներ կա՞ն, թե՞ ոչ:

Ոստիկանության օպերատիվ ամփոփագրում միջադեպի կապակցությամբ ասված է. - «Հուլիսի 10-ին, ժամը 23:00-ին, ապօրինի զենք կրելու եւ պահելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել 1964 թվականին ծնված Վահրամ Սահակյանը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վահրամ Սահակյանը գնումներ կատարելուց հետո, տուն գնալիս, ձեռքում պահել է գ-3478 լիցենզիայով 2006 թվականի հունվարի 12-ին իրեն տրված «Վոլտրան» տեսակի գազային ատրճանակը: Երբ նշված զենքը ձեռքին հասել է Հյուսիսային պողոտա, նրան է մոտեցել Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւ Վահրամ Սահակյանին, զենքով հանդերձ, հանձնել է ոստիկանության աշխատակիցներին, որոնք էլ նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին: ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը բացատրություն է տվել, որ Վահրամ Սահակյանը պարզապես քայլել է` զենքը ձեռքին բռնած, որեւէ մեկին չի սպառնացել, որեւէ գործողություն չի կատարել: Նույնաբովանդակ բացատրություն է տվել նաեւ Վահրամ Սահակյանը` նշելով, որ ատրճանակը ձեռքին է պահել` հագուստը ուղղելու եւ զենքը հագուստի վրա ամրացնելը հարմար չլինելու պատճառով:

Համաձայն Երեւանի «Շտապօգնություն» ՊՓԲԸ կողմից կազմված արձանագրության` Վահրամ Սահակյանը գտնվել է 3-րդ աստիճանի խմածության վիճակում: Ստեղծված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին»:


Շաքե Ավոյան