Արման Մուսինյան. «Մարտի 1-ի լիակատար բացահայտումը մեր գլխավոր պահանջներից մեկն է»

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի բնորոշմամբ` Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման` իշխանություններին ներկայացվող գլխավոր պահանջներից մեկը «մարտի 1-ի ողբերգության լիակատար բացահայտումն է»:

«Այս գործը չպետք է կոծկվի, այս գործի բոլոր մեղավորները պետք է խստագույնս պատասխան տան օրենքի առաջ», - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը ասաց Մուսինյանը` հավաստիացնելով, որ իրենք պատրաստ են ամենայն կերպ նպաստել դրան:

«Համաժողովրդական շարժումը որոշակիորեն փոխել է իր դիրքորոշումը տեղական ինքնակառավարման մարմինների հարցում եւ սեպտեմբերին կայանալիք Արաբկիրի թաղապետի ընտրություններում սատարելու է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանի թեկնածությունը [եթե «ժառանգություն»-ը ընդունի վերջինիս առաջադրելու քաղաքական որոշում]», - փոխանցեց Մուսինյանը:

Նրա կարծիքով, Ռոբերտ Քոչարյանը` «որպես մարտի 1-ի գործով անցնող գլխավոր ֆիգուր», պետք է իհարկե կանչվի Ազգային ժողովում ձեւավորված մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով. - «Եվ, կարծում եմ, ոչ միայն հանձնաժողով, այլեւ Հատուկ քննչական ծառայություն»:

«Լեւոն Տեր-Պետրոսյանը, եթե ինչ-որ բանով կարող է աջակցել գործի լիակատար բացահայտմանը, ես կարծում եմ, որ որեւէ խնդիր չի լինի», - հավելեց Մուսինյանը:


Ռուբեն Մելոյան