Թադեի վանքը՝ Համաշխարհային ժառանգության ցուցակում

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն Քվեբեկ կանադական քաղաքում ընթացող նիստում Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել է նաեւ Իրանում գտնվող Թադեի հայկական վանքը:

Իր մամլո հաղորդագրությունում ՅՈւՆԵՍԿՕ-ն նշել է, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում գտնվող հայկական վանական համալիրը «կրում է տարածաշրջանի մյուս, հատկապես` բյուզանդական, ուղղափառ եւ պարսկական մշակույթների հետ անչափ կարեւոր փոխանակումների վկայությունը»: Համալիրը, ըստ հաղորդագրության, «այդ մշակույթի` տվյալ տարածաշրջանում մնացած վերջին կոթողն է, որը դեռեւս բավարար վիճակում է»: Ավելին, ինչպես ընդգծում է ՅՈւՆԵՍԿՕ-ն, «որպես ուխտավայր` վանական համալիրը հայկական դարավոր կրոնական ավանդույթների կենդանի վկան է»:

DPA գործակալության փոխանցմամբ՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող բնական եւ մշակութային օբյեկտների ցանկում ընդգրկվելու համար թեկնածուներ էին ներկայացրել 41 երկրներ:

Ըստ ավանդության՝ Թադեի վանքը հիմնադրել է Թադեոս առաքյալը 66 թվականին, նախկին հեթանոսական տաճարի տեղում: Հավատացյալները պնդում են, թե Թադեոսը, որը Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչն էր, թաղված է հենց այս համալիրի տարածքում:

14-րդ դարում վանքը ավերվել է երկրաշարժից, այնուհետեւ վերակառուցվել է Զաքարե եպիսկոպոսի օրոք: