Մամուլի տեսություն

«Առավոտ»-ը «Ռուսական ներգրավվածությունը մեծանում է» վերնագրի ներքո հրապարակել է հարցազրույց նախկին արտգործնախարար Վահան Փափազյանի հետ: Նախկին արտգործնախարարի խոսքերով` «այն, որ Սերժ Սարգսյանն իր հայտնի հայտարարություններն արել է Մոսկվայում` պատահական չէ»: «Լեռնային Ղարաբաղի հարցում եւ հայ - թուրքական հարաբերություններում նկատում եմ ռուսական ներգրավվածության ակտիվացում: Պատահական չէ, որ Լավրովն Անկարայում քննարկելու է այս հարցը: Իրողությունը դա է: Ինչ-որ իմաստով ողջունելի է Ռուսաստանի Դաշնության ակտիվացումը, քանի որ Հարավային Կովկասում առանց Ռուսաստանի հարցերի լուծումն անհնար է: Ինչպիսի՞ շեշտադրումներ կլինեն, որքանո՞վ Ռուսաստանի Դաշնությունն ավելի ակտիվ կգնա հօգուտ Լեռնային Ղարաբաղի հարցի արագ կարգավորման, սպասենք` տեսնենք», - ասել է Վահան Փափազյանը:

«Ժամանակ Երեւան»-ը հայտնում է, որ երեկ երեկոյան «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Վահան Արոյանը, ով անցնում էր Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի հետ նույն գործով: «Վահան Արոյանի ազատման ուրախալի հանգամանքները առայժմ անհայտ են», - գրում է թերթը:

Անդրադառնալով երեկվա դեպքերին, երբ «մի խումբ տղամարդիկ առճակատվեցին Հյուսիսային պողոտայում հավաքվածների հետ եւ մարմնական վնասվածքներ հասցրին նրանց»` «Առավոտ»-ը գրում է. - «Մարդկանց ծեծի ենթարկողները, պողոտայում հավաքվածների ասելով, հատուկ ներդրված սադրիչներ էին, մարզված երիտասարդներ, որոնց թվում հավաքվածները ճանաչել են Էրեբունիի թաղապետ Մհեր Սեդրակյանի թիկնապահներին: Մհեր Սեդրակյանը «Առավոտ»-ին փոխանցեց, որ միջադեպից անտեղյակ է, որ իր թիկնապահները մշտապես իր հետ են եղել. «Երդվում եմ երեխաներիս արեւով, իմ տղաները դրա հետ կապ չունեն: Էդ կռիվ անող երկու կողմերն էլ էրեբունցիներ են, այդ թվում՝ կանայք, բայց կռիվն ու քաշքշուկը սկսվել է հենց նրանց միջեւ»: Նա միաժամանակ ասաց, թե արդեն մոտավորապես պարզել է՝ ովքեր են եղել, եւ խոստացավ, որ բոլորին անձամբ կհայտնաբերի եւ կպատժի. «Էս թաղը պիտի խելքի բերվի: Լեւոնականներ ու սերժականներ չպետք ա լինեն»:

«Հրապարակ» թերթը գրում է. - «Երեք եւ ավելի ամիսների ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազությունը չբացահայտեց 8 քաղաքացիների սպանությունների պատճառները, ինչպես նաեւ` այդ սպանությունների պատասխանատուների հարցը: Ավելին` չբացահայտեց ոստիկանների դեմ ցուցարարների կողմից զենքի կիրառման թեկուզ մեկ փաստ: Գլխավոր դատախազությունը ձերբակալված ընդդիմադիրներին ոչ մի մեղադրանք չներկայացրեց զենքի կիրառման, ավտոմեքենաներն այրելու, խանութները թալանելու վերաբերյալ… Էլ չենք խոսում այն մասին, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` արտակարգ դրություն մտցնելու որոշման հիմքում (իր իսկ պնդմամբ) ընկած էր 8 ոստիկանների վիրավորվելու մասին զեկուցագիրը: Այսինքն` ստացվում է, որ ոստիկանության կորուստներն են դարձել նման կարեւոր պետական մաստշաբի որոշման հիմքը: Իսկ հիմա ստացվում է, որ գլխավոր դատախազությունը թաքցնում է Քոչարյանի հայտարարության մասին խոսող փաստերը: Կամ էլ` ընդհանրապես նման փաստեր չունի»:

«Հանրապետականներին պետք չէ կասկածել, երբ ասում են, թե չեն քննարկել Տիգրան Թորոսյանին Հովիկ Աբրահամյանով փոխելու հարցը», - գրում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Սա, ամենայն հավանականությամբ, իսկապես այդպես է, որովհետեւ այդ հարցը չունի ավելորդ քննարկման կարիք: Այնտեղ, որտեղ որոշվել է Թորոսյանին փոխելու հարցը, բացարձակապես չեն հետաքրքրվում Հանրապետական կուսակցության կարծիքով: Հանրապետական կուսակցությունն էլ բացարձակապես չի կարող ազդեցություն ունենալ այդ որոշման վրա, քանի որ գիտե, թե որտեղ է կայացվել որոշումը: Հանրապետականներին ոչ ոք ոչինչ չի հարցնում, որ նրանք էլ քննարկեն որեւէ բան` հրամայում են ու վերջ»:

«168 ժամ»-ի համար անհասկանալի է, թե «Փոքրիկ երեւանցի» «օպերացիայի տապալումից հետո ինչո՞ւ իշխանությունները կրկին փաստացի չարտոնեցին ընդդիմության հանրահավաքը` այս անգամ ընտրության հնարավորություն տալով երեւանյան երկու մարզադաշտերի միջեւ». - «Այնպիսի տպավորություն է` կարծես ընդդիմության ամառային հանրահավաքների «հովանավորը» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է: Իրականում Մատենադարանի մոտ կայացած հունիսի 20-ի հանրահավաքը արգելելուց, այնուհետեւ, կամա թե ակամա, թույլատրելուց հետո, բավականին անհասկանալի է դառնում, թե ո՞րն է վաղվա հանրահավաքի արգելման իմաստը: Եթե խնդիրը վախեցնելն է, ապա փորձը ցույց տվեց, որ դա այնքան էլ լավ չի ստացվում: Սյդ դեպքում` ի՞նչ կարիք կա կրկին անգամ «փչացնել» ոստիկաններին, որոնք ամեն անգամ հայտարարում են, որ թույլ չեն տալու անցկացնել չարտոնված հանրահավաքը, սակայն հետո բոլորը տեսնում են, որ հանրահավաքը կայացավ…»:

«Պետք չէ զարմանալ, եթե մի օր հանկարծ հեռուստատեսությամբ ցույց տան, թե ինչպես հենց անձամբ կոռուպցիային են բռնել, եւ առավել եւս պետք չէ զարմանալ, եթե ցույց տան, որ կոռուպցիային բռնել են, օրինակի համար, Սասուն Միքայելյանի ռեստորանի լճի հատակում թաքնված: Եթե զենքը կարող է այնտեղ մնալ, ապա ինչու չի կարող մնալ կոռուպցիան, եթե զենքից շատ ավելի հին ու դիմացկուն երեւույթ է: Եվ բացի այդ, չէ՞ որ իշխանությունները նորանոր փաստեր պետք է որոնեն պետական իշխանությունը յուրացնելու մեղադրանքով բանտարկված, բայց մեղավորության տեսանկյունից ոչ մի կերպ չապացուցվող անձանց համար: Նույնիսկ կարող են ասել, որ մինչեւ ակտիվ քաղաքականություն վերադարձը, մինչեւ հանրությանը «հոգեխանգարմունքի» հասցնելը, Լեւոն Տեր-Պետրոսյանը կոռուպցիա է ներդրել Հայաստանում, որպեսզի երկիրը թուլացնի ներսից եւ հեշտ յուրացնի իշխանությունը»:


Արմեն Դուլյան