Տեր-Պետրոսյան. «Փաստաթուղթը ապացուցում է, որ մենք ապրում ենք բռնապետության մեջ»

Հայաստանի առաջին նախագահ, անցած ընտրություններում նախագահի թեկնածու, Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հրապարակեց մարտի 1-ին առնչվող գործի նախաքննության մարմնի` Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի մարտի 5-ի «քննչական հանձնարարականը» Վայոց Ձորի մարզի դատախազին:

Ենթադրություն հնչեցնելով, որ այդ հանձնարարականը ուղարկվել է նաեւ Հայաստանի բոլոր մարզերի դատախազներին` Տեր-Պետրոսյանը այն որակեց, մի կողմից` «հրաշալի փաստաթուղթ, որն իշխանության էությունն է ցույց տալիս», մյուս կողմից` «հրեշավոր փաստաթուղթ, որով ապացուցվում է, որ մենք ապրում ենք բռնապետական պետության մեջ»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքով, այդ «քննչական հանձնարարականը» (առաջին նախագահը չմանրամասնեց, թե ինչպես է այդ փաստաթուղթը ընկել իրենց տրամադրության տակ), ցույց է տալիս, որ «չունեն ոչ մի կասկածյալ, ոչ մի ապացույց, ոչ մի վկա»:

Փաստաթղթում, ինչպես հրապարակեց Տեր-Պետրոսյանը, նշվում է, որ տվյալ քրեական գործի շրջանակներում «անհրաժեշտություն է առաջացել Վայոց Ձորում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբների պետերին որպես վկա լրացուցիչ հարցաքննել, օրինակ, այսպիսի հարցադրումներով. - «Հանրահավաքների ժամանակ ինչ էին խոսում օտարերկրյա պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության մասին, հատկապես` որ երկրների... Արդյոք հանրահավաքների մասնակիցները չէին խոսում Հայաստանից Ռուսաստանի ներկայությունը հանելու օգտին... Հարցաքննել հանրահավաքներին մասնակցած անձանց, ինչպես նաեւ Տեր-Պետրոսյանի` Վայոց Ձորի մարզի նախընտրական շտաբի պետերի հարեւաններին... Բնակության վայրերից վերցնել հանրահավաքներին մասնակցած անձանց, ինչպես նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Վայոց Ձորի նախընտրական շտաբի պետերի, նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկանքներ եւ բնութագրեր...»:

Հայաստանի առաջին նախագահը բացառեց իր նախագահության տարիներին նման հրահանգների հնարավորությունը. - «Խնդրեմ` գտեք մեր իշխանության օրոք մի այսպիսի փաստաթուղթ»:

Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը, մինչդեռ, երեկ հաստատեց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում «մի շարք հանձնարարականներ ուղարկել է եւ, ամենայն հավանականությամբ, ուղարկելու է հանրապետության մարզերի դատախազներին»:

Իսկ Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վահագն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ «մարտի 1-ի առավոտյան եւ դրան հաջորդող զանգվածային անկարգությունները, ինչպես նաեւ դրանից առաջ տեղի ունեցած զանգվածային միջոցառումները ունեցել են մեկ նպատակ եւ ղեկավարվել են մեկ կենտրոնից»:

«Եվ իրենց նպատակը իրականացնելու համար», - շարունակեց նա, - «ստացել են աջակցություն, ֆինանսավորում, ուղղորդում նաեւ արտերկրներից»:

Հենց այդ նպատակով էլ, ըստ Հարությունյանի, հատուկ քննչական ծառայությունը մարզային կառույցներին ուղղված հանձնարարականում «մատնանշում է գործողությունները, հարցաքննության բովանդակությունը, հարցերի շրջանակը, պարզաբանման ենթակա խնդիրներն ու հարցերը»:


Ռուզան Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)