Գյումրիի քաղաքապետարանը արտոնել է հունիսի 28-ի հանրահավաքը

Հունիսի 28-ին Գյումրիում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ Համաժողովրդական շարժման իրազեկումը քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն: Սա Գյումրիում հանրահավաքներ անցկացնելու արդեն հինգերորդ հայտն էր. նախորդ բոլոր հայտերը մերժվել էին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայոց համազգային շարժման Գյումրիի խորհրդի նախագահ Ռազմիկ Մելոյանը, իրազեկումը ներկայացվել է հունիսի 23-ին, եւ մեկ օր անց ստացվել է դրական պատասխանը:

Երեւանում հունիսի 20-ին անցկացված հանրահավաքից 8 օր անց այս հանրահավաքի նախաձեռնումը Մելոյանը այսպես մեկնաբանեց. - «Միտինգների ժամանակ արգելել են հոսքը դեպի Երեւան, այդ պատճառով նպատակահարմար են գտել Գյումրիում, Վանաձորում անցկացնել նույնատիպ հանրահավաքներ: Հիմնական նպատակն է իրազեկումը` կարճ, սեղմ ժամանակամիջոցում պետք է իրազեկվի ժողովուրդը, թե ինչ է կատարվել ու ինչ պետք է կատարվի»:

Չորս մերժումից հետո քաղաքապետարանի դրական պատասխանի հնարավոր պատճառների վերաբերյալ Ռազմիկ Մելոյանն ասաց. - «Երեւի իրենք էլ են զզվել` անընդհատ մերժում, մերժում: Այս անգամ հակառակ են մտածել, ո՞վ գիտե, ի օգուտ ժողովրդի են մտածել»:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի