ԵԽԽՎ-ի ընթացիկ նստաշրջանում հայաստանյան պատվիրակությունը, ամենայն հավանականությամբ, չի զրկվի ձայնի իրավունքից

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի` երեկ մեկնարկած ամառային նստաշրջանում հայաստանյան պատվիրակությունը, ամենայն հավանականությամբ, չի զրկվի ձայնի իրավունքից: 1609 բանաձեւի կատարման շուրջ նոր բանաձեւի նախագծում Հայաստանին լրացուցիչ ժամանակ է տրվում մինչեւ 2009 թվականի ձմեռային նստաշրջանը:

Նոր բանաձեւի նախագծում, որը կազմել են համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը, նշված է, թե «Մոնիտորինգի հանձնաժողովը գիտակցում է, որ 1609 բանաձեւի պահանջների կատարման համար Հայաստանին տրված ժամանակը կարճ էր, ուստի լրացուցիչ ժամանակ է տրվում». - «Եթե մինչեւ հունվարյան նստաշրջանը այդ, ինչպես նաեւ նոր բանաձեւի պահանջները չկատարվեն, ապա Մոնիտորինգի հանձնաժողովը Վեհաժողովին առաջարկ կներկայացնի այդ նստաշրջանում Հայաստանին զրկել ձայնի իրավունքից»:

«Խոսքը մինչեւ հունվար ժամանակ տալու մասին է, որպեսզի Եվրախորհուրդը ավելի լիարժեք կարողանա գնահատել 1609 բանաձեւը իր ողջ ծավալով իրականացվե՞լ է, թե՞ ոչ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը:

Հետընտրական շրջանում կալանավորվածների խնդրի կապակցությամբ բանաձեւի նախագծում համազեկուցողները կոչ են անում Հայաստանի իշխանություններին հնարավորինս ժամկետում ավարտել քրեական գործերի քննությունը. - «Դրանք կամ պետք է փակվեն, կամ արագ ուղարկվեն դատարաններ»:

Նախագծում նշված է, որ այն դատավճիռները, որոնք հիմնված են «միայն ոստիկանության ցուցմունքների վրա` առանց լրացուցիչ ապացույցների կամ անկախ վկաների ցուցմունքների, չեն կարող ընդունելի լինել»:

«Քրեական օրենսգրքի 300-րդ («պետական իշխանության յուրացում») եւ 225-րդ («զանգվածային անկարգություններ) հոդվածներով մեղադրվողների դեմ հարուցված գործերը պետք է կարճվեն` եթե չկան հիմնավոր ապացույցներ, որ նրանք անձամբ կատարել են բռնություններ կամ այլ լուրջ քրեական հանցագործություններ», - ասված է նախագծում: - «Ազգային ժողովը պետք է մերժի Քրեական օրենսգրքի 300-րդ եւ 225-րդ հոդվածների` իշխանությունների առաջարկած լրացումները»:

Համազեկուցողները նախագծում ողջունում են մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը` դրական գնահատելով տեղական եւ միջազգային փորձագետների ընդգրկումը դրա կազմում:

Նախագծում ասված է նաեւ, որ Ազգային ժողովի նորաստեղծ հանձնաժողովի միայն ֆորմատը «չի կարող ըստ էության ապահովել անկախություն եւ անկողմնակալություն», ուստիեւ` վստահություն վայելել հայ հասարակության շրջանում:

Այս կապակցությամբ Արմեն Ռուստամյանը ասաց, թե «ժամանակ է անհրաժեշտ, որ այդ հանձնաժողովը իր աշխատանքներով ցույց տա իր անաչառությունը եւ անկախությունը»:


Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ