Ավետ Ադոնց. «Համազեկուցողները մտահոգություններ ունեին»

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Ավետ Ադոնցը երեկ Ստրասբուրգում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Վեհաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ջորջ Կոլոմբիեն որոշ մտահոգություններ ունեին՝ կապված Հայաստանում ստեղծված իրադրության հետ:

«Ընդգծվել է, որ աշխատանքը կատարված է: Իհարկե, կան կետեր, որոնց հետ համազեկուցողներն ունեն խնդիրներ, մասնավորապես, ուրբաթ օրը տեղի ունեցած միտինգի առումով, այսինքն, որ իշխանությունները մերժեցին օպերան եւ առաջարկեցին «Հրազդան»-ի կողքի տարածքը», - հայտնել է Ավետ Ադոնցը:

«Իրենք նաեւ ասում էին, որ բավարար հիմքեր չեն եղել, որ դատախազը մտներ խորհրդարան եւ խնդրեր զրկել պատգամավորներին նրանց անձեռնմխելիությունից», - նշել է Հայաստանի պատվիրակության անդամը:

«Նրանք նաեւ անհանգստացած էին, որ այն դեպքում, երբ արմատական ընդդիմությունը բոյկոտում է մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքը, ինչպես կարող է այդ հանձնաժողովն ունենալ հանրային վստահություն», - եզրափակել է Ավետ Ադոնցը:


Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ