Միացյալ Նահանգները եւ Ադրբեջանը անվտանգության հարցեր են քննարկելու

Հուլիսի կեսերին Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջեւ տեղի կունենա անվտանգության հարցերով խորհրդակցություններ: Այդ մասին «Թրենդ» գործակալությանը հայտնել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան:

Միաժամանակ, ըստ Բրայզայի, քննարկումների ստույգ ժամկետն այս պահին որոշված չէ:

«Թրենդ»-ը նշում է, որ խորհրդակցությունների նախորդ փուլը, որի ընթացքում քննարկվել են Գաբալայի ռադարային կայանի հնարավոր շահագործման, համատեղ ծրագրերի իրականացման, եվրատլանտյան անվտանգության, Կասպիցի տարածաշրջանում իրավիճակի եւ Հարավային Կովկասում առկա հակամարտությունների հետ կապված թեմաները, տեղի է ունեցել 2007 թվականի հուլիսին:

Գործակալությունը նաեւ հիշեցնում է, որ Ադրբեջանը հավանություն է տվել իր զինված ուժերի եւ Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարության ռազմական համագործակցության ծրագրին, որի համաձայն` ամերիկյան կողմն աջակցում է Ադրբեջանին բանակի արդիականացման հարցում, մասնավորապես, հանդերձանք եւ նոր զինատեսակներ է տրամադրում եւ ուսումնավարժանքներ է կազմակերպում զինծառայողների համար:


Արմեն Քոլոյան, Պրահա