Դավիթ Հարությունյանը «գրեթե անխուսափելի» է համարում ԵԽԽՎ-ի նստաշրջանում Հայաստանի հարցի արտահերթ քննարկումը

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի կարծիքով, Վեհաժողովի` այսօր մեկնարկող նստաշրջանում «գրեթե անխուսափելիորեն» արտահերթ կլսվի Հայաստանի կողմից ԵԽԽՎ-ի թիվ 1609 բանաձեւի կատարման հարցը:

Նա չբացառեց, որ քննարկման առարկա կդառնա նաեւ Հայաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու հարցը` «այլ խնդիր է, թե ինչ որոշում կկայացնեն»: «Դա կարող է լինել եւ առաջարկ` ցանկացած պատգամավոր կարող է նման առաջարկություն ներկայացնել: Կարծում եմ, կգտնվեն նաեւ պատգամավորներ, որոնք նման առաջարկություն կներկայացնեն: Սակայն մեծապես կախված կլինի մոնիտորինգի հանձնաժողովում քննարկումներից», - նշեց Դավիթ Հարությունյանը` առավել հավանական համարելով, որ նման առաջարկ ստացվի որեւէ այլ երկրի եւ ոչ թե Հայաստանի պատվիրակությունից:

Հարությունյանը, ինչպես նաեւ հայաստանյան պատվիրակության հիմնական կազմի մյուս բոլոր անդամները` Րաֆֆի Հովհաննիսյանը, Ավետ Ադոնցը եւ Արմեն Ռուստամյանը, հերթագրվել են նստաշրջանում ելույթ ունենալու համար:

Հայաստանի պատվիրակության ղեկավարը դժվարացավ հայտնել, թե իր ելույթը ի՞նչ խնդիրների շուրջ է լինելու եւ ի՞նչ ուղղվածության. - «Այս պահին հնարավոր չէ դա ասել, քանի որ ամեն ինչ կախված է մոնիտորինգի հանձնաժողովում քննարկումներից: Որպես կանոն, նման լսումների ժամանակ ընդունվում է բանաձեւ: Կախված է բանաձեւում ընդգրկված դրույթներից եւ այլն»:

Ինչ վերաբերում է Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հնարավորության վերաբերյալ իր կանխատեսումներին` Դավիթ Հարությունյանն ընդգծեց. - «Կանխատեսումները լավ գործ չեն, հատկապես քաղաքականության մեջ, նման հարցերում, այնպես որ, ես կխուսափեի այս պահին կանխատեսելուց: Ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ աշխատանք կատարվել է, Հայաստանի իշխանությունները աշխատանք կատարել են, հատկապես օրենսդրական աշխատանքի առումով լուրջ քայլեր են կատարվել: Նաեւ հասկանում եմ եվրոպացի մեր գործընկերների մտահոգությունը: Որոշ հարցադրումներ, կարծում եմ նաեւ, իսկապես ժամանակ են պահանջում, մասնավորապես` հարցադրումը, որը վերաբերում է ժամանակավոր հանձնաժողովին, նրա գործելուն, վստահությանը, անվստահությանը, գործելաոճին` սա իսկապես ժամանակ է պահանջելու»:

Պատվիրակության ղեկավարը չբացառեց նաեւ տարբերակը, որ հարցը հետաձգվի մինչեւ ԵԽԽՎ-ի հոկտեմբերյան նստաշրջան:

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը Ստրասբուրգ է մեկնել ամբողջ` թե' հիմնական եւ թե' փոխարինող կազմով` 8 պատգամավոր:


Ռուզան Խաչատրյան