Վրաստանի ադրբեջանցիները վրդովված են երկրի նախագահի խորհրդականի պաշտոնում Վան Բայբուրդի նշանակմամբ

Վրաստանի նախագահի խորհրդականի պաշտոնում հայազգի Վան Բայբուրդի նշանակումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել Վրաստանի ադրբեջանական համայնքում:

Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը անցած շաբաթ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրամանագրով դարձել է երկրի առաջին դեմքի երրորդ խորհրդականը, որին լիազորվել են ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերն ու տարածաշրջանային հարաբերություններին առնչվող խնդիրները:

«Կովկասպրես» գործակալության հաղորդմամբ` ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները բողոքում են այս նշանակման դեմ եւ պնդում, թե հայազգի խորհրդականը ի վիճակի չի լինի լուծել եւ որոշումներ կայացնել Վրաստանի ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրների շուրջ:

«Վրաստանում ապրող ադրբեջանցիների կոնգրեսը Վան Բայբուրդի նշանակման մասին գիտեր դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ», - հայտարարել է «Վրաստանն իմ հայրենիքն է» միության նախագահ Ալի Բաբաեւը եւ նշել, թե իրենք կոչ են արել Վրաստանի նախագահին հայազգի խորհրդական նշանակելու փոխարեն ստեղծել ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող հատուկ խորհուրդ:


Հեղինե Բունիաթյան, Պրահա