Երեւանի մամուլի ակումբը կոչ է անում իշխանություններին անհապաղ եթեր վերադարձնել «Ա1+»-ը

Երեւանի մամուլի ակումբը կոչ է արել Հայաստանի իշխանություններին անհետաձգելի միջոցներ ձեռնարկել «Ա1+»-ին «անհապաղ եթեր վերադառնալու հնարավորություն ընձեռելու համար»:

Այս շաբաթ մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշում է կայացրել 6 տարի առաջ եթերից զրկված «Ա1+» հեռուստաընկերության օգտին:

«Միայն Հայաստանի իշխանությունների կողմից «Ա1+»-ի նկատմամբ թույլ տված անարդարությունն ընդունելն ու այն վերացնելու գործնական քայլերը կարող են վկայել ժողովրդավարական արժեքների եւ միջազգային իրավական նորմերի նկատմամբ մեր պետության հարգանքի մասին», - ասված է ակումբի հայտարարության մեջ:

«Եվրոպական դատարանի որոշումը ակնհայտորեն ապացուցեց հեռարձակմանն առնչվող ՀՀ օրենսդրության անհամապատասխանությունը Եվրոպայի խորհրդի չափանիշներին, ինչի մասին վերջին տարիների ընթացքում բազմիցս հայտարարել է Երեւանի մամուլի ակումբը: Հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2008 թվականի ապրիլի 17-ի 1609 բանաձեւի առաջարկությունները, երկրի լրագրողական հանրության պահանջները, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ արդեն այս տարի պետք է հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման նոր մրցույթներ հայտարարվեն՝ մենք Հայաստանի Ազգային ժողովին կոչ ենք անում անհապաղ սկսել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի եւ հարակից օրենքների ու նորմատիվ ակտերի բարեփոխումները», - հորդորել են հայտարարության հեղինակները: